Կիևն իրականացրել է վերջին շաբաթների ամենախոշոր գրոհներից մեկը, ռուսական կողմը՝ թիրախավորել Խարկովը

Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ռոստովի մարզում գտնվող Մորոզովսկի ավիաբազայի վրա գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում առնվազն վեց ռուսական ռազմական ինքնաթիռ է ոչնչացվել, հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

Երեկվա արբանյակային լուսանկարները վկայում են, որ Մորոզովսկում ավելի քան 20 Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ են եղել կայանված։ Ուկրաինայի հետախուզության պաշտոնյաները AP-ին հայտնել են, որ անօդաչուների գրոհի հետևանքով մեծ վնաս է կրել ևս ութ ռազմական օդանավ, ավելի քան 20 մարդ վիրավորվել կամ զոհվել է։ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել է միայն 8 տուժածի մասին, որոնք, ռուս պաշտոնյայի խոսքով, վիրավորվել են ընկած անօդաչու թռչող սարքի վնասազերծման ժամանակ։

Ուկրաինական սահմանին ամենամոտը գտնվող ռուսական այս ավիաբազայի դեմ հարձակումը համարվում է վերջին շաբաթների ընթացքում Կիևի ամենախոշոր գրոհներից մեկը՝ մեկ գիշերում Ռուսաստանի տարածքի վրա արձակելով ավելի քան 50 անօդաչու թռչող սարք՝ ըստ Մոսկվայի հրապարակած տվյալների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով կրկին հարվածել են Խարկովին, 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել

Կիևը վերջին ամիսներին սաստակցրել է Ռուսաստանի տարածքի վրա իր օդային հարձակումները, շաբաթասկզբին ուկրաինական անօդաչուները հասել էին սահմանից 1100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թաթարստան։ Ավելի քան երկու տարի շարունակվող պատերազմի ընթացքում սա Կիևի ամենահեռահար հարվածն էր, որը թիրախավորել է խոշոր նավթավերամշակման գործարան։

Այսօր վաղ առավոտյան ուկրաինական կողմը հարվածել է նաև Բելգորոդի և Կուրսկի սահմանային շրջաններին, ինչպես նաև Սարատովին և Կրասնոդարին։ Սարատովում, նահանգապետի խոսքով, կրկին թիրախավորվել է սահմանից 500 կիլոմետր հեռավորության գտնվող Էնգելս քաղաքը, որտեղ գտնվում է ռուսական խոշորագույն ավիաբազաներից մեկը։ Հետևանքների մասին տվյալներ չկան։

Ռուսական թիրախում կրկին Խարկովն է եղել

Ռուսաստանն, իր հերթին, է ռմբակոծում ուկրաինական բնակավայրերը՝ 5 հրթիռ և 13 անօդաչու թռչող սարքերի թիրախում կրկին Խարկովն էր: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն ու կարևորագույն արդյունաբերական կենտրոնը այսօր նաև կառավարվող ավիառումբերի հարձակման է ենթարկվել։ Տուժածների, ավերածությունների մասին տվյալները, ըստ Խարկովի քաղաքային իշխանության ղեկավար Իգոր Տերեխովի, ճշտվում են:

Խարկով, Ուկրաինա, 4-ը ապրիլի, 2024թ.

Խարկով, Ուկրաինա

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինային հասցված զանգվածային հրթիռային հարվածների հետևանքով ջրաէլեկտրակայանների 80 տոկոսը շարքից հանվել է, էստոնական ERR հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ռուսաստանը շարունակում է էներգետիկ ահաբեկչությունը. միայն վերջին շաբաթների ընթացքում ռուսները ոչնչացրել են ավելի քան վեց գիգավատ հզորություն մեր էներգետիկ ցանցում, այդ թվում՝ հիդրոէներգիայի և ածխի էներգիայի: Նրանք շարունակում են հրթիռներ արձակել մեր էներգետիկ օբյեկտների ուղղությամբ՝ ոչնչացնելով տրանսֆորմատորներն ու գեներատորները», - նշել է նա։

Ռազմի դաշտում, ըստ Կիևի, իրավիճակը բարդ է

Ռազմի դաշտում, պաշտոնական Կիևի բնորոշմամբ, իրավիճակը բարդ է։ Արևմտյան օգնության մատակարարումների ձգձգումների, կենդանի ուժի, զինամթերքի սուր պակասի ֆոնին՝ ռուսական ուժերը շարունակում են առաջ շարժվել։ Ռուսաստանը պնդում է, որ իր զինվորականներն արդեն Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքում են, որը գտնվում է Ուկրաինայի արևելյան ու արևմտյան շրջաններն իրար կապող երկաթուղային հիմնական գծի վրա, և քաղաքի բարձր դիրքը թույլ է տալիս ռուսական բանակին թիրախավորել մեկ այլ երկաթուղային քաղաք Կոստյանտինիվկան, այնուհետև փորձել ավելի մեծ ռազմավարական տարածքներ նվաճել, ինչպիսիք կարող են լինել Կրամատորսկը, Սլովյանսկը։

Մինչ Ուկրաինայի զինված ուժերը հերքում են ռուսական ուժերի առաջխաղացման մասին պնդումները՝ սահմանափակվելով «Չասիվ Յարում իրադրությունը լարված է» հայտարարությամբ, Մոսկվան հաղորդեց, թե վերահսկողություն է հաստատել նաև Դոնեցկի մարզի Վոդյանե բնակավայրի նկատմամբ։ Անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվում ինքնուրույն ստուգել ՌԴ ՊՆ -ի խոսնակ Իգոր Կոնաշենկովի այս հայտարարությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևին արևմտյան օգնության ցանկացած հետաձգում քաջալերում է Կրեմլին շարունակել ագրեսիան. Զելենսկի

Ուկրաինայի արտգործնախարարի գլխավոր ուղերձը՝ Patriot-ներ

Կիևը պնդում է, որ առաջնագծում ճակատագրական կորուստների է և ջախջախիչ հարվածների է ենթարկվում դաշնակիցների խոստացած սպառազինությունը ժամանակին չստանալու պատճառով։ Այս մասին երեկ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էր նաև հայտարարել Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը դաշինքի 75-ամյակի կապակցությամբ։ Ուկրաինացի դիվանագետի ելույթը, սակայն, ամենևին էլ տոնական չէր. - «Չեմ ուզում տոնը փչացնել, բայց այսօր իմ գլխավոր ուղերձը հետևյալն է՝ Patriot-ներ, քանի որ ուկրաինական կյանքի, ուկրաինական տնտեսության, ուկրաինական քաղաքների փրկությունը կախված է Patriot-ների և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի հասանելիությունից»։

ՆԱՏՕ-ն ի պատասխան Կիևին խոստանում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սակայն, նշել է, կառույցի անդամ երկրները դեռ պետք է ստուգեն իրենց զինապահեստները։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի ղեկավարը այսօր գերմանական «Բիլդ» պարբերականին հայտնել է, որ վերջին ամիսներին Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանից մի խումբ ռուսներ են արտաքսվել լրտեսության մեղադրանքների պատճառով։ Այլ մանրամասներ Ստոլտենբերգը չի հայտնել։ Ուկրաինայի իրավապահները ևս պնդում են, որ ռուսների օգտին լրտեսություն իրականացնող երկու անձի են բացահայտել Օդեսայում։ Ձերբակալվածները, ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության, հարավկովկասյան երկրի քաղաքացիներ են։

Կիևը առայժմ չի հստակեցնում, թե որ պետության քաղաքացի են, ըստ հաղորդագրության, 30-ը չբոլորած եղբայրները, ովքեր Օդեսայում բնակություն են հաստատել փետրվարին և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հանձնարարությամբ տվյալներ հավաքագրել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքի, ստորաբաժանումների տեղակայման մասին։