Մատչելիության հղումներ

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել, ցանկում ընդգրկված է նաև գործարար Արայիկ Ամիրխանյանը


Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ցանկում ընդգրկելով 4 անհատների և 86 իրավաբանական անձանց։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ապրիլի 4-ին։

Պատժամիջոցները սահմանվել են 3-ից 5 տարի ժամկետով։ Ցանկում հիմնականում ուկրաինական ընկերություններ են, որոնք կասկածվում են անօրինական տնտեսական գործարքների համար։

Անհատների թվում են նաև գործարարներ Վադիմ Ալպերինը և Արայիկ Ամիրխանյանը։ Նրանք ավելի վաղ զրկվել էին Ուկրաինայի քաղաքացիությունից և կասկածվում են մաքսանենգության համար։

Ըստ «Լիգա, բիզնես» պարբերականի՝ Ամիրխանյանի գործը վերաբերում է հարկերից խուսափելու նպատակով մաքսային ցածրացված գներով ապրանքների ներմուծմանը։ Նա ուկրաինական անձնագրից զրկվել է, քանի որ Հայաստանի քաղաքացիություն ունի։ Ըստ ուկրաինական մամուլի՝ 2019 թվականին նա ձերբակալվել էր Ղրիմի տարածքով Ուկրաինայից Ռուսաստան մարդկանց տեղափոխելու անօրինական մեխանիզմեր ստեղծելու, ինչպես նաև ուկրաինական ձեռնարկություններում 20 միլիոն գրիվեն (700 հազար դոլար) անօրինական ունեցվածքի կասկածանքով։

Օդեսայից բիզնեսմեն Վադիմ Ալպերինի գործը հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերին փակել է հետաքննության ժամկետը լրանալու հիմքով։

Ուկրաինայի նախագահը ավելի վաղ Ալպերին կոչել էր «մաքսանենգության կնքահայր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG