Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով կրկին հարվածել են Խարկովին, 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել


ԱԹՍ հարվածի հետևանք Խարկովում
ԱԹՍ հարվածի հետևանք Խարկովում

Այս գիշեր ռուսական զորքերը գրոհային անօդաչու սարքերով կրկին հարվածել են Խարկովին, չորս խաղաղ բնակիչ է զոհվել, տասը՝ վիրավորվել։ Անօդաչուն հարվածել է բազմահարկ բնակելի շենքին, ավերել մի քանի հարկերի բնակարաններ, վնասել արտաքին պատը։

Ուկրաինական բանակի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական կողմը գիշերը Ուկրաինայի վրա 20 «Շահեդ» տեսակի անօդաչու է արձակել, դրանցից խոցվել են 11-ը։ Կիևը շարունակում է բարձրաձայնել, որ ռուսական անօդաչուները, հրթիռները, ավիացիոն ռումբերը խոցելու համար ուկրաինական բանակին նոր համակարգեր են պետք։

Երեկ արտգործնախարար Կուլեբան ՆԱՏՕ-ի անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը հորդորել է դաշնակիցներին ուկրաինային հնարավորինս արագ ևս մի քանի Patriot համակարգեր տալ։

«Այսօր իմ գլխավոր ուղերձը լինելու է Patriots-ը, քանի որ ուկրաինացիների կյանքերը փրկելը, Ուկրաինայի տնտեսությունը, ուկրաինական քաղաքների փրկությունը կախված է Ուկրաինայում Patriots-ի և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունից, և մենք խոսում ենք Patriots-ի մասին, քանի որ դա միակ համակարգն է, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռները: Եվ միայն մարտին ռուսական կողմը արձակել է 94 բալիստիկ հրթիռ։ Patriot-ների տրամադրումը կախված է դաշնակիցներից, նրանք դրանցից շատ ունեն», - նշել է Կուլեբան։

Ռուսական զինուժը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Խարկովին, որը Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և կարևոր արդյունաբերական կենտրոն։ Մարտին հարձակման էին ենթարկվել Խարկովի և տարածաշրջանի խոշորագույն էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք մեծ վնասներ էին կրել։ Այժմ Խարկովում էլեկտրաէներգիան գրաֆիկով է մատակարարվում։

Վերջին օրերին հաղորդվում էր նաև, որ ռուս զինվորականները 2022 թվականից ի վեր առաջին անգամ սկսել են նաև կառավարվող ռումբեր արձակել քաղաքի վրա։ Քաղաքային իշխանությունները, սակայն, ասում են՝ չնայած հրետակոծություններին և հոսանքազրկման սպառնալիքներին, քաղաքում ապրում է մոտ 1,3 միլիոն բնակիչ, մի քանի հարյուր հազարով պակաս, քան մինչ պատերազմը։

Ո՛չ իշխանությունները, ո՛չ զինվորականները Խարկովից տարհանման անհրաժեշտություն դեռ չեն տեսնում

Ո՛չ իշխանությունները, ո՛չ զինվորականները դեռ Խարկովից տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։ Խարկովի քաղաքապետի խոսքով՝ ռուսական կողմն է տարհանման մասին լուրեր տարածում՝ «մարդկանց վախեցնելու և նյարդայնացնելու համար»։

«Ազատության» Настоящее Время հեռուստաալիքի հետ զրույցում Խարկով բնակիչները նույնպես վստահեցրել են, որ հարմարվել են հոսանքի անջատումներին և քաղաքում կյանքը շարունակվում է, խուճապ չկա:

Ռուսաստանը Խարկովը փորձել էր գրավել պատերազմի առաջին իսկ օրերին, սակայն 2022 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին պետական սահմանից այն կողմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարեց, թե ռուսական բանակի նոր լայնածավալ հարձակում է սկսվելու մայիս-հունիս ամիսներին, երեկ էլ պնդեց, թե Ռուսաստանը մինչև հունիսի 1-ը նոր մոբիլիզացիա կհայտարարի և առնվազն 300 հազար հոգու կզորակոչի՝ ուկրաինական ճակատ ուղարկելու համար։

Կրեմլի խոսնակը Զելենսկու այս պնդումը սուտ է անվանել և պնդել, թե Մոսկվան նոր մոբիլիզացիայի պլաններ չունի։ Ռուսական քարոզչական շրջանակներն, այդուամենայնիվ, վերջին շրջանում ակտիվորեն խոսում են Խարկովը գրավելու Կրեմլի ծրագրերի մասին։

Ուկրաինացի ռազմական փորձագետ Միխայիլ Սամուսը, սակայն, կարծում է, թե ռուսներն այդ մասին խոսում են՝ վախի, քաոսի մթնոլորտ ստեղծելու համար:

«Ուկրաինական հետախուզությունը, որը շատ ուշադիր հետևում է ռուսական զորքերի տեղաշարժին, վստահեցնում է, որ իրականում այնտեղ բավականաչափ զորքեր չկան ոչ միայն Խարկովը վերցնելու, այլ պարզապես սահմանին մոտենալու համար», - ընդգծել է Սամուսը։

Մինչդեռ ռուսական տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ «Վերստկա»-ն, «Մեդուզա»-ն, ուկրաինացի փորձագետի հետ համաձայն չեն և գրում են, թե Կրմելը իսկապես ուզում է ամռանը գրավել Խարկովը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG