Եվրամիության հետ հարաբերությունները խորացնող Հայաստանի հեռանկարներն ու մարտահրավերներն այսօր խորհրդարանում ներկայացնում էին արևմտամետ քաղաքական ուժերը, կազմակերպություններն ու փորձագետները։ Խորհրդարանական լսումներին հրավիրվել էր նաև Հայաստանում Եվրամիության դեսպանը:
«Ի՞նչ խորության հարաբերություններ եք դուք տեսնում Հայաստանի հետ եվրաինտեգրման գործընթացում: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում», - հարցրեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ըստ ԵՄ դեսպանի՝ Հայաստան-Եվրամիություն երկխոսության արդյունքում առաջխաղացում կա նաև անվտանգության ոլորտում, Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ոչ մահաբեր զենքով աջակցությունը։
«Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով: Էական աջակցության մասին է խոսքը: Հուսով եմ՝ որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները: Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության ու կարգավորման հարցին», - հայտարարեց Վասիլիս Մարագոսը:
Թե ինչ տեսակի զենքի ու ինչ ծավալի մասին է խոսքը, դեսպան Մարագոսը չմանրամասնեց։
Եվրաինտեգրման օրակարգով վարչապետ Փաշինյանը 20 օր առաջ կոչ արեց քաղաքական ու հասարակական ուժերին քննարկումներ սկսել։ Լսումների մասնակիցների ելույթների հիմնական ասելիքը արտաքին դիվանագիտության ուղղությունը փոխելն էր, Ռուսաստանից անջատվելն ու Արևմուտք թեքվելը:
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում էր կրճատել Հայաստանի տարածքում Ռուսաստանի ներկայությունը։
«Մնալով ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական ուղեծրում՝ Հայաստանի համար ամեն օր առաջ է բերելու գոյաբանական վտանգ և սպառնալիք», - հայտարարեց Բաբաջանյանը:
«Հանրապետություն» կուսակցությունից Անահիտ Ադամյանը վարչապետ Փաշինյանից պահանջում էր Բրյուսելում վաղվա հանդիպմանը Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել՝ «միջանկյալ հատվածում ապահովելով հայկական արտադրանքի սպառման շուկաներ և արտադրության վերակազմավորում»:
«Աներկբա է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլև՝ ԱՊՀ-ից ու ԵԱՏՄ-ից», - ընդգծեց Ադամյանը:
Խորհրդարանական ընդդիմությունն այս քննարկմանը չէր մասնակցում։ Իշխող խմբակցության նախաձեռնությամբ էին հրավիրվել լսումները։ Ազգային ժողովի դահլիճում էր վարչապետի կոշտ քննադատ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը. արևմտամետների լավատեսությունը չուներ, եվրոպական դիվանագիտությունից հիասթափվել է։
«Եվրոպական միությունը նաև իր հովանու տակ վերցրեց՝ չունենալով ոչ մի մանդատ, միջազգայնորեն տված ոչ մի իրավասություն, խախտելով CEPA-ի համաձայնագիրը, խախտելով 2015 թվականի Արևելյան գործընկերության Ռիգայի հռչակագրի դրույթները, որտեղ հղում էր արվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում լուծման մեխանիզմներին, իր վրա վերցրեց հայ - ադրբեջանական փոխգործակցությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ից և այն հասցրեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի խայտառակ հայտարարության և ապօրինի խայտառակ հայտարարության ստորագրմանը, որով հայաստանյան տարածքները ապօրինաբար հանձնվեցին Ադրբեջանի իրավասությանը», - հայտարարեց Ղազարյանը:
Ռուսաստանից անջատվելու ու Արևմուտք գնալու մասին Հայաստանի իշխանությունը կոնկրետ հայտարարություն չի արել։ Խոսել են Եվրամիության հետ մերձենալու, Հայաստանի ռազմական ու տնտեսական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման փուլում այս մտադրությունները իշխանության ընդդիմախոսների շրջանում նաև մռայլ կանխատեսումների տեղիք են տվել, Ուկրաինայի օրինակն են հիշեցրել։
«Բա՝ «տեսա՞ք Ուկրաինայում ինչ եղավ, Ուկրաինան էլ էր ուզում եվրոպական ինտեգրացիա», ես դրան սովորաբար պատասխանում եմ՝ «իսկ տեսա՞ք Հայաստանում ինչ եղավ»: Հայաստանը չէր ուզում եվրոպական ինտեգրացիա. մենք ստացանք 20 թվականի պատերազմ, 21 թվականի ներխուժում, 22 թվականի ներխուժում, լավ է՞ր, կայֆ է՞ր», - հայտարարեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
Նրա կարծիքով՝ պատասխանատու գործելու պահն է. - «Մենք, ի տարբերություն Ուկրաինայի, չէինք ձգտում այդ ամենին, նշանակում է՝ խնդիրը ինտեգրացիան չի, խնդիրը Ռուսաստանի հետգաղութային քաղաքականությունն է, խնդիրը Ռուսաստանի նեոկայսերական հողահավաք քաղաքականությունն է հետսովետական պետությունների նկատմամբ»:
Անհապաղ եվրաինտեգրում պահանջողներին տնտեսական տեսանկյունից արձագանքեց իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Երկարատև ու բարդ գործ է, ընդգծեց նա:
«Ես հասկանում եմ բոլոր ելույթների էմոցիոնալ բնույթը, ամեն ինչ հասկանալի է, բայց պետք է նկատի ունենալ, որ երբեմն իշխանության եղած մարդկանց համար որոշումներ ընդունելը, ոչ թե երբեմն, այլ՝ միշտ այդպես է, ավելի բարդ է։ Կան հեռանկարներ և կան մարտահրավերներ։ Այսինքն՝ իշխանությունը մարտահրավերներին ոչ պակաս ուշադրություն է դարձնում, քան՝ հեռանկարներին», - ասաց Թունյանը:
Եվրաինտեգրման թեմայով խորհրդարանական քննարկումը, որ նախորդում է Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի բրյուսելյան վաղվա հանդիպմանը, հինգ ժամ տևեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը. ՓաշինյանԵվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը