Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Եվրամիության (ԵՄ) երկրների խորհրդարանների նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում ապրիլի կեսերին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, որ ՀՀ-ն առաջին անգամ է հրավիրված, ու հետխորհրդային որևէ այլ երկիր հրավիրված չէ, այդ թվում՝ անդամության հավակնողները։
Եվրախորհրդարանը շուրջ երկու շաբաթ առաջ ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։
Վարչապետը այնուհետև հորդորեց քաղաքական ու հասարակական ուժերին արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, Եվրամիությանը անդամակցության օրակարգով քննարկումներ սկսել։
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, սակայն, երեկ ասել էր, որ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ։