Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի ու «Պատիվ ունեմ»-ի 28 պատգամավորները հայ-ադրբեջանական սահմանազատման թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել։ Եթե քվորումի խնդիր չլինի, քննարկումն առաջիկա երեքշաբթի տեղի կունենա։
Ընդդիմադիրներն առաջարկել են որպես հարակից զեկուցողներ Խորհրդարան գալ փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանին ու արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Իշխանությունից կարծում են՝ ընդդիմության նպատակն ավելորդ աղմուկ բարձրացնելն է։ Արփի Դավոյանի խոսքով, սակայն, ընդդիմադիրների նախաձեռնած քննարկմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ խմբակցությունում քննարկում չի եղել։ Պատգամավորը նաև տեղյակ չէր՝ արդյոք կառավարության անդամները կգան Ազգային ժողով։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի խոսքով՝ սահմանազատումն անհրաժեշտ գործընթաց է, բայց ընդդիմադիրները մտահոգված են, որ հստակ չէ սահմանազատման հիմքը, օրինակ, քարտեզները, այն հատվածական է, ոչ թե՝ սահմանի ողջ երկայնքով, ինչպես Խաչատրյանը ձևակերպեց, սկսվում է զիջումներով։
«Ադրբեջանցիք ասում են՝ դուք տարածք եք գրավել, կառավարությունն էլ ասում է՝ 31 գյուղից էլ դուք եք տարածք գրավել, այսինքն՝ իրենք հայելային խնդիր էին դնում, այսօր դուք հայելային պահանջ տեսնո՞ւմ եք: Սա միակողմանի զիջումների գործընթաց է, ուզում ենք այդ ամեն ինչը պարզաբանենք: Հիմա այլևս չեն էլ խոսում 74 թվականի քարտեզների մասին, հղում են կատարում Ալմա Աթայի դեկլարացիայի վրա, որտեղ ինչքան էլ որոշ իշխանական պատգամավորներ ասեն՝ քարտեզներ կան, որևէ քարտեզ չկա», - ասաց Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. փոխվարչապետի գրասենյակԻնչո՞ւ Ալմաթիի հռչակագիրը. իշխանականների պնդմամբ՝ հենց այդ փաստաթղթով է համաձայնեցված Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանը։
«Շատ կարևոր գործ է այդ սահմանազատման, սահմանագծման գործընթացը, որը մեկ օրվա գործ չի, 10 օրվա գործ չի, երկարատև աշխատանք է, որի մասին խոսել ենք, տարիներ կարող են տևել՝ մի սարի, մի թփի, մի գետի շուրջ հազար ձևի խոսակցություններ և քննարկումներ պիտի լինեն: Այսպես գալ, ասել, որ՝ դուք չգիտեք ինչ եք անում, մենք ավելի լավ գիտենք, ընդդիմությունը կարող է շատ բան խոսել, սակայն իր որևէ ասածի համար պատասխանատվություն չի կրում, պատասխանատվությունը կրում է իշխանությունը, հետևաբար իշխանությունը գնում է իր գծած ճանապարհով», - նշեց Արփի Դավոյանը:
Սահմանազատումը Տավուշից սկսելը, ըստ ընդդիմադիրների, անվտանգային խնդիրներ է առաջացնելու։
«Տավուշից զորքերը հետ քաշել միակողմանի՞, ինչո՞ւ, հին կահավորված դիրքերից ադրբեջանցիք մի միլիմետր Հայաստանի տարածք չեն մտել: Հիմա իրանք կստանան մի մեծ «ձագար», սարսափելի մեծ վտանգ կկախվի Տավուշի գյուղերի վրա, հետ է գալիս հայկական գյուղի թիկունքում բարձունք է գրավում, գազատար, դեպի Վրաստան գնացող ճանապարհ, Լոռին փաստացի դառնում է սահմանամերձ մարզ, շատ փոքր տարածք է մնում», - նշեց Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք». վարչապետԴավոյանն էլ ասաց. - «Աշխատում ենք պատասխանել բոլոր սուր հարցերին, սակայն այդ հարցերը շարունակում են հնչել տարբեր ձևերով, նույն հարցին տարբեր ձևերով գալիս են ու ուզում են նույն հարցին պատասխաններ: Իրենք չեն ուզում փարատել որևէ մտահոգություն, որովհետև իրենք այդ ամեն ինչը չեն անում մտահոգությունները փարատելու համար ու այնպես չի, որ իրենց ասածները միշտ ճշմարտության հետ աղերս ունեն, հետևաբար ես չեմ ուզում մեկնաբանել նրանց ցանկացած խոսք, ելույթ»:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ 4 գյուղերը վերադարձնելով էլ պատերազմի վտանգը չի չեզոքանա. - «Անալոգիա անենք՝ ինքը ընդունեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ, Ադրբեջանն ասեց՝ դե եթե դու ընդունում ես, որ Արցախն իմ տարածքն է, ես գալիս եմ իմ տարածքը վերցնելու: Հիմա ինքն ասում է՝ սա Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանը կասի՝ եթե չես տալիս, պատերազմով կգամ կվերցնեմ, իսկ եթե դու ասես՝ եկեք ամբողջ ուրվագծով խաղաղ պայմաններում առանց ուժի և ուժի կիրառման սպառնալիքի քարտեզը հստակեցնենք, այդ դեպքում ինքը չի ունենա լեգիտիմ իրավունք քո դեմ պատերազմ սկսելու»:
Վարչապետն ուղիղ հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը Հայաստանի տարածքում չեն։ Իսկ դրանք չվերադարձնելու, ընդդիմանալու վերջը մոտալուտ պատերազմը կլինի։
Եթե 90-ականներից Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերը տրվեն, կա՞ երաշխիք, որ պատերազմ չի լինի. - «Իշխանությունը բազմիցս ասել է, թե ինքը ինչ է կարծում և ինչն է կարևորում, ինքը կարևորում է Հայաստանի Հանրապետության սահմանների կարևորությունը և պարտավորվում է ամեն ինչ անել Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության համար»: