«Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել», - կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ «դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել»։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի՝ դա հարցը չի լուծելու», - ասել է վարչապետը, որը Ֆեյսբուքի իր էջում հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել։
Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը մինչ օրս չեն դատապարտել դաշնակից երկրի դեմ այդ հարձակումը և չեն արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ-ից վերջապես պատասխանեցին Հայաստանի վարչապետի հարցինՀայ-ռուսական հարաբերությունների փչացման մեղավորները ՌԴ-ում են. ՔՊ-ից հակադարձում են ԼավրովինՀայաստանի ղեկավարությունը ռուս-հայկական հարաբերությունները փլուզելու կուրս է վարում. Լավրով