Մատչելիության հղումներ

«Անհանգստությունները, որոնց ականատես ենք լինում տարածաշրջանում, ՌԴ գործողությունների հետևանք են»․ Միլլերը՝ Զախարովային


Մեթյու Միլլեր, Մարիա Զախարովա
Մեթյու Միլլեր, Մարիա Զախարովա

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում անհանգստությունները, որոնց մենք ականատես ենք լինում տարածաշրջանում, Ռուսաստանի գործողությունների հետևանք են», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարություններին։

Մարիա Զախարովան Տելեգրամի իր էջում գրել էր, թե «Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։ Նա Արևմուտքին մեղադրել է «Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելու, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելու, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելու» համար։

Զախարովան նաև ասել էր, որ Մոսկվային անհանգստացնում է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը՝ նշելով, որ այն Ռուսաստանի դեմ է։

Միլլերն արձագանքել է նաև այս հայտարարությանը՝ վերահաստատելով նախորդ օրվա իր խոսքերը՝ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ և ուրիշ ոչինչ:

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Հանդիպման օրակարգի մասին ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

Պատասխանելով Բաքվից հնչած մեղադրանքներին Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG