Մատչելիության հղումներ

Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը՝ դիվանագիտական նոր լարվածության պատճառ Բաքվի, Մոսկվայի ու Երևանի միջև


Ապրիլի 5-ի Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն բրյուսելյան հանդիպումը Բաքվի, Մոսկվայի ու Երևանի միջև դիվանագիտական նոր լարվածության պատճառ է դարձել։

Պատասխանելով Բաքվից հնչած մեղադրանքներին Երևանը պնդեց՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։

Մոսկվային այս հավաստիացումները չեն համոզել։ ԱԳՆ խոսնակը սա Ռուսաստանի դեմ քայլ է համարում։

«Թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են հայ ժողովրդի հիմնարար շահերին հակասող հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի», - նշել է Մարիա Զախարովան։

Երևանից Զախարովայի այս մի հայտարարությանը դեռ չեն արձագանքել: Փոխարենը ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը երեկ՝ ուշ երեկոյան հակադարձեց ադրբեջանցի գործընկերոջ մեղադրանքներին, հայտարարեց՝ Բաքուն է ձգձգում և խաթարում խաղաղության գործընթացը, մերժում արևմտյան հարթակներում ղեկավարների ու արտգործնախարարների հանդիպման ԵՄ և ԱՄՆ-ն առաջարկները։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլհինգյան հանդիպումը, Երևանին, Բրյուսելին ու Վաշինգտոնին կոչ արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են վնասել խաղաղության ջանքերին, տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիք հրահրել։

Հայաստանի ԱԳՆ-ից պատասխանել են. - «Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը»:

Եվրահանձնաժողով Հայաստանին խոստացել էր աջակցել Սևծովյան էներգետիկ մալուխին միանալու հարցում, սակայն կես տարի անց Երևանը փաստորեն հայտարարում է, որ ծրագրին մաս դառնալուն խանգարում է Ադրբեջանը։

Ի՞նչ է սպասվում ապրիլի 5-ին

Իսկ ի՞նչ է սպասվում ապրիլի 5-ին, որից այդքան դժգոհ են Բաքուն ու Մոսկվան։

Ժամեր առաջ որոշ փակագծեր բացեց Վաշինգտոնը՝ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարեց՝ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Երևանն, ըստ ԱԳՆ խոսնակի, ակնկալում է բովանդակային քննարկում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ու հումանիտար ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման շուրջ։ Բայց թե ինչ փաստաթղթեր կստորագրեն կողմերը հաջորդ ուրբաթ, ոչ մի հստակություն։

«Սա առաջին հերթին ինչ-որ քաղաքական, դիվանագիտական աջակցություն է Հայաստանին»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը բրյուսելյան հանդիպումը ոչ թերագնահատելու, ոչ էլ գերագնահատելու կողմնակից է. - «Սա առաջին հերթին ինչ-որ քաղաքական, դիվանագիտական աջակցություն է Հայաստանին Ադրբեջանի հետ այս լարված հարաբերությունների ֆոնին: Մենք տեսանք, որ Ադրբեջանը հաջողությամբ դուրս մղեց Արևմուտքին բանակցային գործընթացից, ու, կարելի է ասել, սա Վաշինգտոնի ու Բրյուսելի պատասխանն է հենց Ադրբեջանին»:

ԱԺ-ի նախագահը երեկ չէր բացառել, որ Բրյուսելի հանդիպմանը հայտարարվի նաև «Եվրոպական խաղաղության մեխանիզմով» Հայաստանին տրվող օգնության մասին։ Նման հավանականություն տեսնում է նաև հայաստանցի քաղաքագետը։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հատուկ դժգոհել էր նաև Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերից։ Իսկ եթե Երևանը Արևմուտքից օգնության պատրանք ունենալու պարագայում գնա ապակայունացնող գործողության, հայտարարել՝ դրա պատասխանատվությունը նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կկիսեն։

«Այս գործիքը կարող է օգտակար լինել Հայաստանին ռազմական բարեփոխումների գործընթացում, բայց պետք է հասկանալ, որ խոսքը սահմանափակ միջոցների մասին է: Եվրոպական միության տարբեր պաշտոնյաների հետ շփումներից մոտավոր կարելի է խոսել մոտավոր 50-60 միլիոն եվրոյի մասին: Այսինքն՝ փոքր աջակցություն չէ, բայց իհարկե այդպիսի միջոցներով հնարավոր չէ բանակը զինել կամ ավելի լուրջ ու մեծ գործընթացներ նախաձեռնել», - նշեց Տիգրան Գրիգորյանը:

Հաշվի առնելով Բաքվի բուռն արձագանքը՝ Գրիգորյանը, չի բացառում, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի հատվածային սրման՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին ազդակներ հղելու համար։ Իսկ ԵՄ-ի ու Միացյալ Նահանգների արձագանքն ինչպիսի՞ն կլինի։

«Երբ խոսքը գնում է փոքր էսկալացիաների մասին, որևէ լուրջ հետևանքներ այդ ամենը չի ունենալու Բաքվի համար: Լայնածավալ պատերազմի պարագայում միգուցե ավելի լուրջ քաղաքական կամք գոյություն ունենա՝ ինչ-որ պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Երևանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է անվտանգությունն ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու քաղաքականության մասին, բայց չի հստակեցնում՝ ունենալով տնտեսական մեծ կախվածություն Ռուսաստանից, պատրաստվո՞ւմ է լքել ԵԱՏՄ-ն, նաև ՀԱՊԿ-ը, թե՝ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG