Իրավապաշտպան կազմակերպությունը երկրորդ անգամ է դատախազություն դիմում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի աղմկահարույց պատմությունները բացահայտելու պահանջով։ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կրկին պահանջում է իրավական ընթացք տալ լրագրողների հետաքննությանը, ասում է իրավաբան Անի Չատինյանը։
«Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գծով է, թե կոնկրետ քննությամբ ինչ հանցագործության կհիմնավորվի, կամ էլ որը կհիմնավորվի, դա արդեն քննչական մարմնի գործառույթների մեջ է», - ասաց նա։
«Ինֆոքոմն» ու «Սիվիլնեթն» են հետաքննել ու բացահայտել «Քաղաքացիական պայմանագրի» 2022-ի և 2023-ի դրամահավաքի պատմությունները՝ քիչ կամ զրո եկամուտ ունեցող ՔՊ-ական թեկնածուների ու այլ քաղաքացիների անուններից միլիոնավոր գումարներ են փոխանցվել իշխանական կուսակցության բյուջե։ Ոմանք լրագրողներից էին տեղեկացել, որ ՔՊ-ին միլիոններ են փոխանցել։ Հասարակական կազմակերպությունը պահանջել էր ընթացք տալ առաջին հրապարակմանը, դատախազությունը հանցակազմ չէր տեսել։ Կազմակերպությունը դատախազության որոշումը բողոքարկում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանը ՔՊ դրամահավաքի մասին իր բացատրություններով ուղղորդում է նաև իրավապահներին. իրավապաշտպան
«Բողոքարկվում է այն, այսպես ասած, անգործության վիճակը, որը հաջորդել է մեր կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն», - ասում է Չատինյանը։
Կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 20 օր առաջ անդրադարձավ այս պատմություններին, հղում արեց Գլխավոր դատախազության որոշմանը։ Ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը վարչապետի խոսքերը համարել էր ուղղորդում իրավապահներին, «Ազատության հետ» զրույցում ասել՝ ուրիշի անունից առանց նրան տեղյակ պահելու իշխող ուժի բյուջե միլիոներ փոխանցելը քրեական օրենսգրքի սահմանը հատել է, այդ արարքը քրեորեն պատժելի է։
Չնայած Փաշինյանի հայտարարությանը, որ իր գլխավորած կուսակցությունում քրեորեն պատժելի արարք չի կատարվել, իրավապաշտպան կազմակերպությունը երկրորդ հրապարակման հետքերով է գնացել։ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. - «Գտել ենք, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տարրեր է պարունակում հրապարակված նյութը»։
Իսկ ի՞նչ է պարզել ՔՊ-ի ներքին հետաքննությունը, ովքե՞ր են կազմակերպել շռայլ նվիրատվությունների հոսքը կուսակցության բյուջե, մեղավորներին հայտնաբերե՞լ են. ուսումնասիրությունները, քննարկումները շարունակվում են, վստահեցնում է կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Հասկացել ենք, որ մի շարք տեխնիկական թերացումներ են եղել, բայց դեռ ամբողջական չի էլի, բնականաբար», - նշեց իշխանական պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իոաննիսյանը խնդրահարույց է համարում ՔՊ-ի նախընտրական դրամահավաքի նվազ թափանցիկությունը
Վահագն Ալեքսանյանը ենթադրում է, որ դրամահավաքի գործող կարգերն են խնդրահարույց, որոնց պատճառով կարող է, իր ձևակերպմամբ, այսպիսի շփոթ լինել։
«Թիվ մեկ խնդիրը հազար հոգուց ավելի ներկաներով ու նվիրատուներով դրամահավաք կազմակերպելն է, ինչն իրենից ենթադրում է, որ հազար մարդ մոտավորապես մոտենում է բանկի 6-7 աշխատակցի՝ նվիրատվություն անելու։ Դա ինքնին առաջացնում է շփոթ, խառնաշփոթ, ու եթե կուզեք, այդտեղից էլ արդեն բխում են մի շարք հանգամանքներ», - ասաց նա։
Նվիրատուներից միլիոներ ստանալու օրն էր Փաշինյանը հայտարարել՝ կուսակցության գաղափարախոսությունն է, որ իրենք հազարավորների մեկ դրամի կարիքն ունեն, ոչ թե մեկ հոգու հազարի։