Մատչելիության հղումներ

Մարդիկ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից միլիոններ են փոխանցվել իշխող ՔՊ-ին. հետաքննություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ, արխիվ

Ի՞նչ աղբյուրներից են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը նվիրատվություններ փոխանցվել։ Նույնիսկ նրանք չգիտեն, որոնց անունից փոխանցումները կատարվել են, ասում է հետաքննող լրագրողը։

«Էն մարդիկ, ովքեր իբր թե նվիրատուներ են, մեր հետ զրույցներում կտրուկ հերքել են, որ իրենք նվիրատվություն են կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտիչ Կարապետյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» 2022 թվականի դրամահավաքի պատմությունը բացահայտել է «Սիվիլնեթ»-ի հետաքննությունը՝ միջազգային հետաքննական ցանցի հետ համատեղ։

Հետաքննության համահեղինակ Մկրտիչ Կարապետյանն ասում է՝ կուսակցության նվիրատուների հիմնական մասը ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին համայնքային ընտրություններում:

Կոնկրետ 15 նվիրատու հերքել է, որ գումար է նվիրաբերել։ Եղել է մեկը, որ ոչ մի դրամ եկամուտ չի ունեցել, բայց լրագրողի զանգից պարզել է՝ մեկ միլիոն դրամ է փոխանցել իշխող կուսակցությանը։ Լրագրողների զանգից անակնկալի է եկել Վեդի համայնքի ավագանու անդամ Սերոբ Ավետիսյանը, որի հետ զրույցը հրապարակել է լրատվամիջոցը.

«Նվիրատվություն մեկուկես միլիոնը Դուք ե՞ք իրականացրել, թե՞՝ ոչ»: - «Չէ, սխալվում եք»:

Զարմացել է նաեւ Տաշիրի ավագանու նախկին անդամ Մելինե Սուքիասյանը, որն, ըստ նվիրատվությունների ցուցակի, 2022-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 3 միլիոն դրամ է փոխանցել. - «Ես այդպիսի գումարներ չեմ ունեցել և չէի էլ կարող փոխանցել»:

«Մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից, և մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի», - ժամանակին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներով իշխանության եկած կուսակցության դրամահավաքի պատմությունն ի՞նչ անուն ունի: Նկարագրված է Քրեական օրենսգրքում, ասում է ընտրական ոլորտի փորձագետ Վարդինե Գրիգորյանը. - «Ակնհայտորեն ամբողջությամբ ինքը ապօրինի գործունեություն է այլ անձի անունից նվիրատվություն կատարելը՝ որպես քրեական պատասխանատվություն ենթադրող արարք»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտնել է, որ 2022-ին ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: Հետաքննությամբ պարզվել է, որ կանխիկ փոխանցում էլ է եղել, ինչն արգելվում է օրենքով, ինչպես նաև՝ սահմանված չափից ավելի։

«Նյութը անելուց ձևավորվել է ներքին համոզմունք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինչ-որ կազմակերպված մի խիստ, միգուցե և ոչ օրինական մեխանիզմ է գործի դրել իր կուսակցության նվիրատվություններն ապահովելու համար», - նշեց Մկրտիչ Կարապետյանը:

Իշխանության գալուց հետո ՔՊ-ն է փոխել օրենքը, արգելել գործարարներին նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, որ օլիգարխիայի ազդեցությունը բացառեր։ Փորձագետներն այս հրապարակումներից ենթադրում են, որ օրենքը փոխած կուսակցությունը սահմանափակումներից խուսափելու փորձեր է արել։ Այսպիսի մի դրամահավաքի պատմությունն էլ անցած ամիս բացահայտել էր «Ինֆոքոմ» լրատվամիջոցը։

«Ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, և նաև մենք էլ կուսակցության ներսում քնարկում ենք այդ իրավիճակները և իրադրությունները և բնականաբար մտադիր ենք նաև պարզաբանել թե հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել», - ասել էր վարչապետը:

Փաշինյանի խոստումից հետո Դատախազությունը «Ազատությանը» հայտնեց, որ գործ չի հարուցի, հանցանքի հիմքեր չեն գտել։

Դավադրությունն էլ չի բացառվում. Աղազարյան

«Եթե դա արվել է ՔՊ-ական այս կամ այն պաշտոնյայի կողմից, դա հանցագործություն է: Եթե դա արվել է, որպեսզի վնասի ՔՊ-ի բարի համբավը, դա նույնպես հանցագործություն է», - «Ազատությանն» ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը պահանջում է, որ իրավապահները բացահայտեն՝ ինչ է տեղի ունեցել իրենց կուսակցությունում։ Այն, ինչ բացահայտել են լրագրողները, կասկած չունի` վատ բան է։ Բայց դավադրությունն էլ չի բացառում իշխանականը. - «Կարող է պատահել, օրինակի համար, ես՝ լինելով ՔՊ-ի հակառակորդ, մեղմ ասած՝ հակառակորդ, կարող եմ ինչ-որ մեկին խնդրեմ, կամ չխնդրեմ էլ՝ փոխանցեմ իր անունով, հետո որպեսզի իրեն հարցնեն, ինքը ասի՝ «ես փող չեմ փոխանցել», և էդ հարցը առաջանա: Հնարավոր չի՞ էդպիսի տարբերակ, հնարավոր է»:

Այս վերջին բացահայտմանը իշխանությունը չի արձագանքել։ Արդյոք իշխանական կուսակցության ֆինանսավորման կասկածահարույց պատմությունն այս անգամ կդառնա՞ իրավապահների քննության առարկան՝ թե՛ հետաքննող լրագրողը, թե՛ Վարդինե Գրիգորյանը դժվարանում են ասել։

«Պետք է պարզել՝ եթե էդ մարդիկ չեն նվիրատուները, ովքե՞ր են նվիրատուները: Միգուցե ինչ-որ օլիգարխնե՞ր են, էդ էլ թող իրենք հայտարարեն, թե ով է... Այսինքն՝ էն մարդիկ, ովքեր իրենք գրել են, թե իրենց նվիրատվություն են արել, ասում են՝ «մենք չենք», - ընդգծեց Մկրտիչ Կարապետյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը համաձայն է, որ այս բացահայտումը կարող է վկայել կուսակցության հավաքած գումարի իրական ծագումը թաքցնելու անօրինական փորձերի մասին։ Գրիգորյանը խոստանում է ընթացք տալ՝ վիճարկել իրավապահ կառույցների որոշումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG