Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ՔՊ դրամահավաքի մասին իր բացատրություններով ուղղորդում է նաև իրավապահներին. իրավապաշտպան


Վարչապետի դառնանալը չի կարող փոխարինել քրեական պատասխանատվությանը, նրա գլխավորած կուսակցության նախընտրական ու կուսակցական դրամահավաքը կատարվել է օրենքի խախտումներով, շարունակում է պնդել իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Վարդինե Գրիգորյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել, այս պահի դրությամբ այս Քրեական օրենսգրքով հանցագործություն է», - «Ազատության« հետ զրույցում ասաց նա։

«Ինֆոքոմն» ու «Սիվիլնեթն» էին հետաքննել ու բացահայտել «Քաղաքացիական պայմանագրի» 2022-ի և 2023-ի դրամահավաքի պատմությունները՝ քիչ կամ զրո եկամուտ ունեցող ՔՊ-ական թեկնածուների ու այլ քաղաքացիների անուններից միլիոնավոր գումարներ են փոխանցվել իշխանական կուսակցության բյուջե։ Նրանք լրագրողներից են տեղեկացել, որ ՔՊ-ի շռայլ նվիրատուներն են։

«Եթե անձինք ասում են, որ իրենք տեղյակ չեն՝ իրենց անունից ձևակերպվել է այդ նվիրատվությունը, դա նշանակում է՝ փաստացի կիրառվել է այն գործիքակազմը, որը նկարագրված է Քրեական օրենսգրքում որպես հանցագործություն», - նշեց Վարդինե Գրիգորյանը։

Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ուրիշի անունից, ուրիշի փաստաթղթերով առանց նրան տեղեկացնելու փոխանցումներ կատարելը ՔՕ խախտում չէ, մարդկային սխալ է, կազմակերպչական թերացում։

«Արդյոք այդ պրոբլեմն այնպիսին է, որ հատել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գիծը, ակնհայտորեն ոչ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել են և հանցակազմ չեն գտել այդտեղ», - ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի վարկածով՝ գուցե ընկերաբար են առանց տեղյակ պահելու փոխանցել, ինչը մեր օրերում տեխնիկապես խնդիր չէ։ Եթե ուրիշի անունից գումարներ փոխանցելը քրեորեն պատժելի չէ, ուրեմն ըստ վարչապետի՝ ուրիշի անունով վարկեր ձևակերպելն էլ նորմալ է, համեմատում է ընտրական ոլորտի փորձագետը։

«Մարդկայնացնելը գործողությունների միգուցե լավ է ներքին մենեջմենթի տեսանկյունից, բայց ես կարծում եմ, որ պետության տեսանկյունից դա անպատասխանատվության խթանում է», - ասաց նա։

Ըստ Վարդինե Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր բացատրություններով ուղղորդում է նաև իրավապահներին, որ իր ղեկավարած կուսակցությունում տեղի ունեցածը անմեղ մի բան է։

«Դա կընկալվի որպես ուղղորդող, միգուցե հենց իրավապահ մարմինների համար դա ոչ միայն ուղղորդող է, այլ նաև հաստատող, որ ճիշտ ուղու վրա էին», - ասաց Գրիգորյանը։

Մինչև Փաշինյանի բացատրությունը դատախազությունն ուսումնասիրել էր «Ինֆոքոմի» հրապարակումն ու հանցակազմի հիմքեր չէր տեսել։ Հենց այս որոշմանն էլ հղում էր անում վարչապետը, որ հանցանք չեն կատարել։ Դատախազությունը սեփական նախաձեռնությամբ չէր ուսումնասիրել նյութը, «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունն էր պահանջել։ Իշխանական կուսակցության դրամահավաքի երկրորդ պատմությունն իրավապահ մարմինը ընդհանրապես չի ուսումնասիրում։

Փաշինյանը որպես իշխող ուժի թափանցիկ գործելաոճ նշում էր, թե իրենց բարի կամքով է նվիրատուների ցանկը հրապարակվել, այնինչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էր դատարանով պահանջել, ու միայն դրանից հետո այն լրատվամիջոցներին հասավ։

«Այնքան ենք թափանցիկ դարձել, որ մենք մեր փոխած օրենքը տվել ենք գործիք ձեզ բոլորին, որ զանգեք, գնաք, նայեք, հանեք, հաշվեք, գումարեք, հանեք», - ասել էր վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG