Հայաստանի տնտեսական հավասարակշռված քաղաքականության կամ Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու և արևմտյան շուկաների ուղղությամբ ուժեղացնելու՝ Կառավարության քայլերը գործնականում դեռ նկատելի չեն, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց թվերը չեն ստում։ Իսկ թվերը փաստում են, որ կոնկրետ Հայաստանը այս պարագայում բավականին մեծ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից, և Հայաստանի ապրանքների համար հիմնական արտահանման շուկան շարունակում են մնալ ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պարսյանը:
Եվրամիության հետ հարաբերությունները խորացնող Հայաստանը տնտեսական ի՞նչ աջակցություն կարող է ակնկալել Արևմուտքից։ Պետդեպի խոսնակն է հայտարարել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը հիմնականում կենտրոնանալու են Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ, ըստ նրա, Հայաստանն աշխատում է առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր«Տնտեսական դիմակայության հայտարարությունից հետո պետք է հստակ ծրագրեր լինեն՝ պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, արտահանման դիվերսիֆիկացման, շուկաների հնարավորության և այլ ուղղությամբ», - նշեց տնտեսագետը:
Իշխող խմբակցության պատգամավորներն էլ օրակարգի, ակնկալիքների մասին ավելի շատ տեղեկություն չեն հայտնում։ Հայաստանի համար անհրաժեշտ է արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել, ասում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Պատգամավորը դժվարանում է կանխատեսել՝ այս հարցով ինչ արդյունք կլինի։ Թունյանը դեմ է, որ այս աշխատանքը հակադրում են Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունում մնալուն։
«Ամեն շուկա ունի իր պահանջարկը, ամեն շուկա ունի այն ապրանքների որակների ստանդարտը, որը իրեն պետք է, և մեր համար, կարելի է ասել, ոչ թե եվրոպական շուկայի դռներն են փակ, այլ մենք ինքներս, առաջին հերթին, աշխատանք ունենք անելու, որպեսզի եվրոպական շուկային առաջարկելու բան ունենանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
Հայաստանում Փաշինյանին սատարող արևմտամետ ուժերն ու հասարակական կազմակերպություններն են պահանջում լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Իշխանական պատգմավորներից Մարիա Կարապետյանը պնդում է՝ նման հարց չի քննարկվում. - «Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց այժմ դրված չէ»:
Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականություն որդեգրած Հայաստանում տնտեսական պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ անցած տարվա տվյալներով՝ Հայաստանի առևտրաշրջանառության մոտ 36 տոկոսը ԵԱՏՄ երկրների հետ է, հիմնականը՝ Ռուսաստանի։
«Սրան զուգահեռ եթե արձանագրենք, օրինակ, ԵՄ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է մեր առևտրաշրջանառության մոտ 12.9 տոկոսը, ԱՄՆ-ի հետ՝ 3.2 տոկոսը: Այսինքն՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ և ԱՄՆ-ի [հետ] առևտրաշրջանառությունը միասին վերցրած», - ընդգծեց Սուրեն Պարսյանը:
Ըստ վիճակագրության՝ արտահանումն էլ ռուսական շուկա ավելացել է 40 տոկոսով, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն ուղղություններով նվազել է։
«Մենք հիմնական ավելացրել ենք արտահանումը դեպի Ռուսաստան, օրինակ, 40 տոկոսով, իսկ ԵՄ երկրներ մենք արտահանումը նվազեցրել ենք 8.2 տոկոսով: Բավականին մտահոգիչ է նաև՝ ԱՄՆ-ի ուղղությամբ Հայաստանի արտահանումը նվազել է 38 տոկոսով», - ասաց Պարսյանը:
Ռուս - ուկրաինական հակամարտությունն էլ է նպաստել, որ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է, շեշտում է տնտեսագետը։ Օրինակ՝ Ռուսաստանն էլ Հայաստանի միջոցով է վերաարտահանում այլ երկրներ։
«Մենք պետք է փորձենք ժամանակ շահենք, աշխատենք բոլոր երկրների հետ, միաժամանակ հզորացնենք մեր տնտեսությունը, դիվերսիֆիկացնենք մեր կապերը, հնարավորությունները և դրանից հետո փորձենք, այսպես ասած, որևէ քայլ կատարել: Ցանկացած կտրուկ քայլ այս պահին հղի է բավականին մեծ տնտեսական վնասներով», - նշեց Սուրեն Պարսյանը:
Արտահանման ծավալները Արևմուտքում ավելացնելը տևական ու ծախսատար գործ է, ասում է տնտեսագետը։ Եվրոպական ստանդարտները բարձր են։ Պարսյանը վիճակագրությունից ենթադրում է՝ Հայաստանը գոնե այս փուլում չի կարող Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը վերանայել, ինչպես եղավ, օրինակ, ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի դեպքում, երբ վարչապետը հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են անդամակցությունը։ Արտահանման շուկաներն ու ուղղությունները վերանայելու համար կառավարությունը պետք է մի քանի տարի առաջ սկսեր քայլեր անել, ինչն, ըստ Սուրեն Պարսյանի, չի արվել։