Մատչելիության հղումներ

Կառավարությունը տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մտադրության մասին է խոսում


Հայ - ռուսական լարվածության ֆոնին Հայաստանի կառավարությունը մտադիր է դիվերսիֆիկացնել նաև տնտեսությունը։ Ինչպես, ինչ ժամկետներում ու արդյոք արդեն պատրաստ են դրան՝ պաշտոնյաներն ընդհանրական պատասխաններ են տալիս։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանն այսօր շեշտեց, թե տնտեսության դիվերսիֆիկացումը խոշոր առևտրային գործընկերոջը մեկ այլով փոխարինելը չէ։

«Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից, այսինքն՝ սա փոխադարձ գործընթաց է», - լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Առևտրաշրջանառությունը հատկապես աճել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ Ռուսաստանը հայտնվեց արևմտյան խիստ պատժամիջոցների տակ։ Միայն անցած տարի այդ երկրի հետ առևտրաշրջանառությունն անցել է 7 մլրդ դոլարը՝ 2022-ի համեմատ աճելով շուրջ 140 տոկոսով։ Եվրամիության հետ կրկնակի քիչ՝ մոտ 2 մլրդ 700 մլն դոլար է կազմել առևտրաշրջանառությունը։ 2023-ին Հայաստան-ԵՄ առևտուրն աճել է 117 տոկոսով։

Ռուսաստանից բացի, ի՞նչ այլ շուկաներ է դիտարկում Հայաստանն արտահանման համար, հենց այս հարցով քննարկմանը շտապող նախարարը որպես օրինակ ներկայացրեց Եգիպտոսը, ուր օրերս այցելել էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր տեղի գործարարների հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանում ներդրումների հնարավորությունները։

«Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, որովհետև եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ավելացնել, ուժեղացնել, և մենք՝ որպես պետություն, ուժեղ լինենք, պետք է մեր տնտեսությունը հնարավորինս աշխարհի բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա», - կարծում է նախարար Պապոյանը։

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին քննարկումները հաջորդում են Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհի՝ Վերին Լարսի փակման վերաբերյալ չհաստատված լուրերին։ Արտահանմամբ ու բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերությունները «Ազատությանը» հայտնել էին, որ ռուսական կողմից այդ մասին ոչ պաշտոնական նախազգուշացում են ստացել։

Մինչ կառավարությունից հստակ չեն պատասխանում՝ որ ուղղություններով կխթանեն արտահանումը, գործարարները թերահավատ են արագ արդյունքների հարցում։

«Պատրաստ չենք։ Ուրիշ բան մեր կառավարությունը grace period (խմբ. - արտոնյալ ժամանակահատված) տար՝ գյուղացիներից մինչև արտահանող, մինչև այն մարդիկ, ովքեր ներդրում են արել, տրանսպորտներ են ձեռք բերել արտահանման համար, ասեն՝ 2-3 տարի մենք ձեզ շունչ ենք տալիս, կահավորեք, կարգավորեք այս ուղղությունը, բայց հիմա դա չկա, մենք սենց ռեսկի հարցերի մեջ ենք», - ասաց արտահանող ընկերության տնօրեն Գևորգ Ղուկասյանը։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն այսօր հայտարարեց, թե ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական հիմնավոր և օբյեկտիվ պատճառ չի տեսնում Վերին Լարսի անցակետի փակման համար։ Ռուս-հայկական հարաբերություններում լարվածությունը, ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց» օդակայանից չի՞ կարող պատճառ դառնալ անցակետի փակմանը, հետաքրքրվեցին լրագրողները։ Գևորգ Պապոյանը, սակայն, խուսափեց պատասխանել հարցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG