Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան փակագծեր է բացել Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպման օրակարգից։
Եվրոպացի պաշտոնյան պնդել է՝ այդ բանակցությունները նվիրված չեն «անվտանգության երաշխիքներին։
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացմանը և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա »,- Ստանոյի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չէր բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները նաև քննարկվեն ապրիլի 5-ին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ՝ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա»։
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։
Արձագանքելով Բաքվին՝ Երևանը պնդել է՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։
Մոսկվան է նաև երեկ մտահոգություն հայտնել, թե այդ հանդիպումը Ռուսաստանի դեմ է, Միլլերն էլ այսօր վերահաստատել է՝ «հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, ուրիշ ոչինչ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը՝ դիվանագիտական նոր լարվածության պատճառ Բաքվի, Մոսկվայի ու Երևանի միջև