Մատչելիության հղումներ

Բրյուսելում նախատեսված հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ԱԳՆ արձագանքը Բաքվին


Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ՝ արձագանքելով Ադրբեջանից հնչող հայտարարություններին:

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, թե այդ հանդիպումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարածաշրջանը և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության ձևավորմանը»։

Թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից, ԱԳՆ խոսնակը պատասխանել է, որ այն հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են», - ընդգծել է Անի Բադալյանը:

«Ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը»

Անդրադառնալով տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Բաքվի մեղադրանքներին, ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման:

Բադալյանը հիշեցրել է, որ խոսքը հետևյալ երեք սկզբունքների մասին է՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

«Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը», - նշել է նա։

«Բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում»

Արձագանքելով Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցուցիչը նշել է՝ «մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում»:

«Կարևոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

Բադալյանը հիշեցրել է նաև, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն «Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից»:

Բաքուն այսօր հայտարարել է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG