Կառավարությունը մեկ տարվա դադարից հետո կրկին կսուբսիդավորի մինչև 100 հեկտար գարնանացան անող գյուղացիներին։ Ու թեև այս տարի ավելացել է փոխհատուցվող մշակաբույսերի ցանկը, բայց ծրագրի պայմաններն են խստացել։ Նախ կփոխատուցվի միայն գյուղատնտեսական աշխատանքների ծախսի կեսը։
«Վարը, ցանքը, բերքահավաքը և սերմի արժեքը հացահատիկային մշակաբույսերի դեպքում փոխհատուցումը մեկ հեկտարի հաշվով կազմում է 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար դրամ, հատիկ, ընդեղեն, մշակաբույսերի դեպքում 100 հազար դրամ և կորնկան ու վարսակ մշակաբույսերի դեպքում 110 հազար դրամ», - «Ազատության»-ը փոխանցեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանը։
Սերմացուն էլ պետք է պարտադիր հավաստագրված լինի։ Այսինքն՝ եթե գյուղացին իր սերմացուն ցանի, ապա փոխհատուցում չի ստանա։ Հենց սա էլ դժգոհություն է առաջացրել։ Գյուղացիներն ասում են՝ սերմը տանն ունենք, ինչո՞ւ կրկին գումար ծախսենք ու թանկ գնենք։
Թեման թեժ է նաև Մարմաշենում
Սուբսիդավորման հարցում նաև կառավարության ու գյուղացիների հաշվարկներն իրար չեն բռնում։ Թեման թեժ է մոտ 2000 բնակիչ ունեցող Մարմաշենում, որտեղ ցորեն են շատ ցանում։ 70-ամյա ֆերմեր Վալերիկ Մկրտչյանը հարցնում է՝ ո՞վ է հաշվել, որ գյուղացին 70 հազար դրամով կարող է 1 հեկտար հողը վարել, ցանել ու սերմ գնել։
«300 կգ սերմացուն 170-ով, իրանց ասածը, էդ եղավ 51 հազար, գնալ-բերելով եղավ 60 հազար, դե 10 հազարով էլ մնացած աշխատանքները թող կատարվի, դե թող անեն։ Վարենք, ցանենք, ջրենք, քաղենք, բերենք, էդ բոլոր աշխատանքները պարարտանյութով բանով 350 հազար դրամ փող է պետք, որ մի հեկտարից շնորհքին բերք ստանաս՝ 4-5 տոննա գարի կամ ցորեն ստանաս», - ասաց Մկրտչյանը։
Համագյուղացին՝ Նորայր Փիլոսյանն էլ հավելում է թե՝ ես կտամ 70 հազար դրամը, թող գան իրենք այդ գումարով վարուցանք անեն։
Ֆերմերներն առաջարկում են փոխել ծրագիրն ու գյուղացու սերմացուով ևս ցանքս թույլատրել։
Աշոտ Ասատրյանն էլ այդուհանդերձ սպասում է այս ծրագրին, լավի ու վատի մասին չի խոսում, ասում է՝ եթե իրականացվի, գյուղացու, հոգսը որոշ չափով կթեթևանա։
Պետության սուբսիդավորումից օգտվելու համար գյուղացին պիտի մինչև հունիսի 1-ը վարուցանք անի։ Հետո մոնթորինգ է արվելու ու եթե կհամապատասխանի չափորոշիչներին, նոր կփոխհատուցվի։
Անցած տարի, երբ կառավարությունը դադարեցրեց աշնանացանի սուբսիդավորումը, Շիրակի մարզում միայն ցորենի ցանքատարածությունները մոտ 5 հազար հեկտարով կրճատվեցին։
Your browser doesn’t support HTML5