Մատչելիության հղումներ

Փանիկցիները դժգոհում են՝ կրծողների տված վնասից հետո քաղ անելն անիմաստ է


Փանիկցի Հովսեփ Մինասյանի ցորենի դաշտը միայն հեռվից է բերքառատ թվում։ Կրծողների տված վնասից հետո, ասում է, այստեղ քաղ անելն անիմաստ է։

«Սրա ինչը քաղեմ, 2 մեշոկ բան պիտի լինի էս դաշտից: Քաղի ծախսը հազիվ էլ հելնի, չի էլ հելնի: Մոտ 300-320 հազար արդեն դրել ենք, բայց օգուտ չկա: Մոտ 4,5-5 տոննա ցորեն տարել եմ, ինչ-որ լցրել եմ հողը, տարել եմ, հիմա էդ վար, ցանքս, էդ փողերն էլ մնաց իմ վրեն: Որ պիտի ցանեմ մկներին կերակրեմ, ինչի՞ս է պետք», - ասաց Մինասյանը:

Ինքը կրծողների դեմ դեղ ու դարմանն արել է, բայց քանի որ ոչ բոլորն են քայլեր ձեռնարկել, մյուսների արածն անիմաստ է դարձել. - «Ոչ մի օգուտ չեղավ էդ դեղից, երևի դեղերն էլ լավ դեղ չէին: Մկների դեմ պայքարը հնարավոր է, որ միայն սամալյոտ է, բան է, փչեն: Էսօր արդեն պիտի կառավարության մակարդակով, մարզպետարանով դեղեր բան անեն, էդ վեռալյոտներով է, ինչով է փչեն, թե չէ, ես էլ ոչ ցանքս կանեմ, ոչ էլ»:

Կոլյա Ղարթախչյանն էլ է կրծողների դեմ թունաքիմիկատով պայքարել, բայց էլի ապարդյուն։ 3,5 հեկտար հացահատիկի դաշտից շատ բան չի մնացել։ Նրա խոսքով՝ կրծողների ակտիվացման մի քանի նպաստավոր գործոն կա, նախ չմշակվող հողերը, ապա ոչ համատարած պայքարը։ 50 տարվա գյուղատնտեսը կրծողների նման ակտիվացում չի հիշում։

«Ուրիշ տարիներ եղել է, դա սկսվում էր արտերի եզրերից, որտեղ իրանց համար նպաստավոր է, էդ մասերից մի քիչ ուտում էին, բայց ոչ մշտապես, ասենք, 10 տարուց կարող է 2 տարի լիներ, որ տենց փոքր վնաս տար, բայց այս տարվանն աննախադեպ էր», - ընդգծեց Ղարթախչյանը:

Փանիկի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանն ասում է՝ այս տարի փանիկցիները հացահատիկի ցանքատարածությունները գրեթե կրկնակի ավելացրել էին ու լավ բերք էին սպասում, բայց հիմա էլ հույս չունեն. - «Մոտավորապես մեր ցանքատարածությունների 2/3-ից ավելին դաշտամկների, կրծողների այդ տեսակը ոչնչացրել է: Մարդիկ բերք չունեն, մարդիկ նպատակահարմար չեն գտնում նույնիսկ հնձելու»:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ կրծողներն այս տարի շատացել են հիմնականում տաք ձմռան պատճառով։ Առաջիկայում մարզպետարանը թունաքիմիկատների լրացուցիչ խմբաքանակ կտրամադրի համայնքներին:

«Մինչ այս շուրջ 4000 հեկտար ցանքատարածությունների վրա իրականացվել է մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառում, և մեր կողմից արդեն իսկ գրությամբ հայցել ենք 1560 հա-ի համար նախատեսված դեղամիջոց», - ներկայացրեց Համայակյանը:

Դաշտում գյուղացիները փորձեցին կրծողների բնի մեջ ջուր լցնել, որ դուրս գան, բայց ապարդյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG