Մատչելիության հղումներ

Շիրակում գյուղացիները թեև օգտվում են սուբսիդավորումից, սակայն ասում են՝ այն «հազիվ տրակտորիստի ծախսը կփակի»


Հայ-թուրքական սահմանի Ողջի գյուղում հող մշակելը հեշտ գործերից չէ: Գյուղի 1000 հեկտար հողատարածքի գրեթե կեսը սահմանապահ ուղեկալի ներսում է գտնվում:

Տարիներ առաջ ուղեկալի մուտքը փակել են, հիմա շատերը ստիպված 5-6 կմ ճանապարհ են անցնում, որ հարևան Մեղրաշատի ուղեկալից ռուս սահմանապահները ներս թողնեն: Մուտքի անցագիր ունեն, բայց դժգոհում են, որ այդ պայմաններում հող մշակելու համար արհեստական դժվարություններ են ստեղծվում. «Էստեղ մոտիկ վարորդ կա, չեն էլ բացում, որ գնաս, ահագին համարյա հասնում ես Մեղրաշատ, նոր էնդտեղից մտնում ես, 4-5 կմ նորից ցած ենք իջնում»:

«Մտնել-ելնելը խնդիր է, իրենց ժամը երբ ուզեցին, այդ ժամին պիտի դուրս գաս, մտնում ես, առավոտ 8-ին պիտի մտնես, ժամը 4-6-ին հանում են, իրենց ձեռքն է», - ասում են նրանք:

Չնայած դժվարություններին՝ Ողջիում այս տարի ավելի շատ աշնանացան ցորեն են ցանել։ Վաղինակ Ավանեսյանը նրանցից մեկն է, օգտվելու է սուբսիդավորման ծրագրից՝ պետությունը մեկ հեկտարի մշակության դիմաց 70 հազար դրամ է տալու:

«Ցորենը շատացրել ենք, որ ծրագրի մեջ ընկավ, 6 հեկտար ցանեցինք», - ասաց նա:

Հակոբ Սիսակյանը Ողջիի գյուղապետարանում դիմում է գրել, որ իր ցորենն արդեն ծլել է: Գալու են, ստուգեն, հետո գումարը տան: Ասում է՝ այդ փողով գոնե տրակտորիստի պարտքը կփակի. «70 հազար դրամը որ տալիս են, երևի վառելիքի, տրակտորիստի հախը հազիվհազ հանում ենք, ցորենի, հողի հարկը, պարարտանյութը արդեն չի հերիքում»:

Մանվել Հովհաննիսյանին, մինչդեռ, չի ոգևորել պետական սուբսիդավորումը, այս աշնանը ցանքս չի արել. հիասթափվել է՝ 3 տարի անընդմեջ հողից եկամուտ չի ստացել, ասում է՝ որդու՝ խոպանից ուղարկած գումարը հողի մեջ է ներդնում, բայց արդյունք չի տեսնում:

«Մեջը եկամուտ չկա, իմաստը ո՞րն է, ունեցածներս դնում ենք տեխնիկայի մեջ», - նշում է նա:

Մոտ 550 բնակիչ ունեցող սահմանային գյուղի վարչական ղեկավարի տեղեկացմամբ՝ Ողջիում այս տարի կրկնակի շատ են ցորեն մշակել, ովքեր էլ մշակելու գումար չունեն՝ հողերն են վարձակալության հանձնել. «Անցած տարի ցանվել է 90 հեկտարին մոտ, այս տարի՝ 192 հեկտար»:

Անցած տարի Շիրակի մարզում շուրջ 2000 հեկտարով նվազել էին աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Այս տարի, ըստ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանի, 4000 հեկտարի աճ ունեն:

«7800 շահառուների կողմից հայտ է ներկայացվել 16 հազար 600 հեկտար ցորենի ցանք իրականացնելու համար», - ասաց նա:

Ըստ պաշտոնյայի՝ գյուղացիները սկսել են տասնամյակներով անմշակ հողերը մշակել: Այդ ցուցանիշով հատկապես հեռավոր Աշոցքի ու Ամասիայի գյուղերն են առաջատար. «Կոնկրետ Ամասիայի մասով կարող ենք ասել, որ նախորդ տարվա 429 հա աշնանացան ցորենի ցանքի փոխարեն այս տարի Ամասիայում ունենք շուրջ 1620 հա ցորենի ցանքատարածություն»:

Պետությունը սուբսիդավորման երկու տարբերակ է առաջարկում՝ 120 հազար դրամ մեկ հեկտարի համար, եթե գյուղացին հավաստագրված՝ բարձրակարգ սերմացու է ցանում։ Բայց շատերը նախընտրում են երկրորդ տարբերակը՝ ցանում են իրենց պահ տված սերմացուն ու 70 հազար դրամ ստանում մեկ հեկտարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG