«Գուցե ես էլ հետախուզվողների ադրբեջանական ցանկում», - ոսկեվանցի Սերյոժա Ալեքսանյանն օրեր առաջ լսեց՝ Բաքուն տասնութ հայերի մեղադրում է ադրբեջանաբնակ Բաղանիս Այրում գյուղում ցեղասպանություն գործելու համար:
Բաղանիս Այրումը Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերից է, հայկական Բաղանիսին ու Ոսկեվանին կպած:
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ 90 թվականի մարտի 24-ին հայերը խոշոր տրամաչափի զենքերով տասը հոգու են սպանել: Այդ օրը և դրան նախորդած լարված ամիսները լավ են հիշում հայկական երկու գյուղերում: Հանրապետական մայրուղին ադրբեջանական այդ գյուղով էր անցնում:
«Գիշերները միշտ խնդիրներ էր առաջանում՝ թե՛ մեքենաների վրա կրակում էին, թե՛ քար էին նետում, վտանգ էր ներկայացնում դա մեզ: Մի քանի տասնյակ դեպքեր կրկնվեցին, դանակը ոսկորին հասավ, ժողովրդի համբերության բաժակը լցվեց ու որոշեցին հարցը լուծել», - ներկայացրեց Ոսկեվանի բնակիչ Ալեքսանյանը:
Սերյոժա Ալեքսանյանը պնդում է՝ հայկական կողմն անվտանգության հարց է լուծել, ընդ որում, մի քանի որսորդական հրացանով: Ադրբեջանցիներն այդ ճանապարհին քարեր նետելուց բացի, նաև գյուղերից մարդ ու անասուն էին գողանում:
Բաղասնիսցի Լևոն Ավագյանի կինը ադրբեջանական արկից է սպանվել՝ որբ թողնելով երեք փոքրերին: Մենք էլ ցուցակներ կազմե՞նք, հարցնում են բաղանիսցիները և պատկերացնում, թե ինչ կլինի, եթե Բաղանիս Այրումը փոխանցվի Ադրբեջանին ու նրանց զինուժը ճանապարհին հայտնվի հետախուզվողների ցանկով: Կվերադառնանք 90-ականներ, ասում են այս գյուղերի բնակիչները:
Բաղանիսցի կինը ներկայանալ չցանկացավ, մի չգործող առևտրի կենտրոնի մոտ էր, հիշեց Փաշինյանի միտքը, թե Կիրանցից Բաղանիս մի խանութ, ռեստորան, հյուրատուն չկա. - «Թուրքից ի՞նչ ենք սպասում, լավ բան սպասո՞ւմ ենք, չգիտեմ ինչ է լինելու, նստացրել են, ղեկավար մարդ ա, ասում ա՝ ճանապարհի վրա ռեստորան չկա, ի՞նչ ասեմ նման մարդուն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում սպասում են Երևանի գործնական քայլերինԱյնպես չէ, որ խաղաղություն չենք ուզում, ասում են Ոսկեվանի, Բաղանիսի բնակիչները: Սերյոժա Ալեքսանյանը 15 տարվա զինվորական ու 10 տարվա համայնքապետ է եղել, չի կարծում, թե նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը փոխանցելով խաղաղությունը մոտեցնելու ենք:
20 կիլոմետրի վրա, Աճարկուտում է դուստրը ապրում, Բաղանիս Այրումում ադրբեջանցիներ հաստատվեն՝ 180 կիլոմետր պիտի անցնի, բայց շեշտում է հարցը մետրերը չեն:
«Անվտանգության խնդիր ա, իշխանությունը նա կլինի, որ մի մետրին երեք մետր զիջի, բայց ազգաբնակչության անվտանգությունը երաշխավորի, ոչ թե ասի՝ մերը չի, իրենց ենք տալիս: Մենք էլ գիտեինք՝ մերը չի, էսօր էլ գիտենք՝ մերը չի, ստեղ ապրելու խնդիրն ա, անվտանգությունն ա, իրանք Երևան նստած որոշում են՝ մերը չի, 90 թվին էլ գիտեինք, որ մերը չի», - նշեց Ալեքսանյանը:
Անվտանգ հարևանություն էլ չի պատկերացնում բաղանիսցի Լուսիկ Ավագյանը, թեպետ հարևանների հետ մինչև 80-ականները վատ չէին, գնում-գալիս էին, Բաղանիսի արտելում էին ձևվվում Բաղանիս Այրումի ադրբեջանուհիների զգեստները:
Տավուշի այս գյուղերում օրերն սկսվում ու ավարտվում են գյուղամեջի քննարկումներով, անորոշությունը չի ցրվում, բայց հեշտանում է սպասելը: