Ամերիկյան ընտրարշավը թեժանում է

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ, 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդեն

«Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի կազմում, եթե դաշինքի մյուս անդամները բավարար միջոցներ հատկացնեն իրենց պաշտպանական ծախսերը հոգալու համար», - հայտարարում է ԱՄՆ նախկին նախագահ, 2024 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը GB News hեռուստաալիքի մեկնաբան, ծայրահեղ աջ գործիչ Նայջել Ֆարաջի հետ զրույցում։

«Ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք այն երկրները, որոնք բավական հարուստ են, բայց չնայած դրան ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասը հոգում է Միացյալ Նահանգները», - ասում էր Թրամփը՝ կրկնելով մեկ ամիս առաջ արած այն հայտարարությունը, որի համաձայն՝ ինքը դեռ իր նախագահության տարիներին անցկացված ՆԱՏՕ-ի հավաքներից մեկի ընթացքում շեշտել է, թե Վաշինգտոնը չի պաշտպանի այն երկրներին, որոնք չեն կատարում դաշինքի կանոնադրությամբ սահմանված պահանջը՝ ՀՆԱ-ի 2 տոկոսին համարժեք գումար հատկացնել պաշտպանության ոլորտին։

«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր, այլ ոչ թե մնացած բոլորի արդար բաժինը։ Ըստ իս՝ Միացյալ Նահանգները այսօր հոգում է ՆԱՏՕ-ի ծախսերի ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը։ Դա ամենաանարդարացի բանն է», - պնդում էր Թրամփը բրիտանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպայում կտրուկ են արձագանքում Թրամփի՝ «ռուսական հարձակումը խրախուսելու» մասին հայտարարություններին Եվրոպայում մտահոգված են Թրամփի վերջին հայտարարություններից

ԱՄՆ 45-րդ նախագահի հարցազրույցը հեռարձակվեց այն նույն օրը, երբ ԱՄՆ հինգ նահանգներում՝ Ֆլորիդայում, Արիզոնայում, Իլինոյսում, Կանզասում և Օհայոյում ներկուսակցական ընտրություններ էին անցկացվում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Թրամփը և թե՛ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենը փրայմերիների նախորդ փուլերում արդեն իսկ կարողացել են ամռանը կայանալիք կուսակցական համագումարներում բավարար թվով պատվիրակներ ապահովել, երեկվա քվեարկությունն առավելապես ֆորմալ բնույթ ուներ։ Երկու թեկնածուներն էլ օգտագործեցին առիթը՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու համար։

«Երբեք չի եղել նման մի նախագահ, որ երկրին այսքան վնաս տված լիներ, որքան գործող նախագահն է։ Բայդենը մեր պատմության վատթարագույն նախագահն է։ Եվ ես անհամբերությամբ սպասում են նոյեմբերի 5-ին [կայանալիք ընտրություններին]», - հայտարարում էր Թրամփը Ֆլորիդայի փրայմերիներում քվեարկելուց հետո։

Ջոզեֆ Բայդենը Թրամփին հակադարձեց Նևադա նահանգից։ «Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը և ես ապահովեցինք մեր առաջադրումն առաջիկա ընտրություններին։ Եվ մենք պատրաստվում ենք մեկ անգամ ևս հաղթել նրան», - հայտարարում էր Բայդենը։

Վերջին սոցհարցումների արդյունքներից դատելով, սակայն, Թրամփին հաղթելու համար Բայդենն ու նրա թիմը պետք է անասելի մեծ ջանքեր գործադրեն։ Մի կողմից՝ Բայդենի վերջին ամենամյա ուղերձից հետո նրա վարկանիշը որոշակիորեն աճել է, ինչը, այնուհանդերձ, ըստ ամերիկացի սոցիոլոգների, Թրամփի հանդեպ համոզիչ հաղթանակի համար բավարար չէ։

Այսպես, Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի կողմից մարտի 15-17-ը անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ երկու թեկնածուների վարկանիշները հավասարվել են։ Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, Թրամփի և Բայդենի օգտին կքվեարկեր ամերիկացի ընտրողների 44-ական տոկոսը։

The Еconomist հանդեսն ամփոփել է վերջին շաբաթներին անցկացված բոլոր հարցումների արդյունքները՝ հաշվարկելով, որ Բայդենի օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 45, իսկ Թրամփի օգտին՝ 44 տոկոսը։ Հետազոտողներից շատերը, այդուհանդերձ, կարծում են, որ գործող նախագահի վարկանիշի աճի հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Դրա ամենավառ վկայությունը Բայդենի գործունեությունը բացասաբար գնահատող ամերիկացիների թիվն է։ Մարտին անցկացված տարբեր հարցումների համաձայն՝ Բայդենի գործունեությունը հավանության չի արժանացնում ամերիկացիների 54-56 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը 1 տոկոսի առավելություն ունի Թրամփի նկատմամբ. Reuters/Ipsos-ի հարցում

Բայդենի օգտին չէ նաև արտաքին քաղաքական կոնյունկտուրան՝ նախևառաջ Գազայում ընթացող պատերազմում Վաշինգտոնի որդեգրած իսրայելամետ դիրքորոշումը։ Այն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, վանում է ԱՄՆ տարածքում գրանցված շուրջ 2 միլիոն մահմեդական ընտրողներին։

«Ես պարզապես սարսափած եմ Իսրայելի և Պաղեստինի հարցում Բայդենի որդեգրած դիրքորոշումից։ Այդ մենք էինք՝ երիտասարդ առաջադեմ ընտրողներս, որ [2020 թվականին] Բայդենի համար մեծամասնություն ապահովեցինք։ Այսօր, սակայն, իմ տեսակետը հետևյալն է՝ եթե [Գազայում] hրադադար չի հաստատվում, մենք նրա օգտին չենք քվեարկում», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Չիկագոյի բնակիչ, Դեմոկրատական կուսակցության աջակից Իբրահիմ Ռաշիդը։

«Ըստ ամենայնի, Բայդենից հիասթափված ընտրողների մի մասը նոյեմբերի 5-ին կքվեարկի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի օգտին», - նշված է IPSOS սոցիոլոգիական ծառայության երեկ հրապարակած զեկույցում։ IPSOS-ի մասնագետների հաշվարկով՝ նախկին արդարադատության նախարար, 1968-ին սպանված Ռոբերտ Քենեդիի որդին և ԱՄՆ 35-րդ նախագահ, Դալասում սպանված Ջոն Քենեդիի զարմիկը կարող է հավակնել քվեների շուրջ 12 տոկոսին։

«2024 թվականի դրությամբ Դեմոկրատական կուսակցությունը արմատապես փոխվել է։ Չեմ կարծում, որ իմ հայրը կամ հորեղբայրը կճանաչեին այս կուսակցությունը։ Այն վերածվել է պատերազմի, Ուոլ Սթրիթի, դեղագործական ընկերությունների և հարուստ վերնախավի շահերը սպասարկող կուսակցության, որը դեմ է միջին խավին», - հայտարարում է Ռոբերտ Քենեդին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդին խոստանում է աջակցել Արցախ հայերի անվտանգ վերադարձին և նրանց ինքնորոշման իրավունքին