Ռուսաստանը տարհանում է Ուկրաինայի հետ սահմանակից շրջանների բնակիչներին՝ հրթիռակոծությունների պատճառով։
«Առաջիկա ժամերին շուրջ ինը հազար մարդ է տարհանվելու, որոշ բնակավայրերում էլ ելումուտը սահմանափակվելու է»,- այսօր հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Անցած գիշեր անօդաչուները հարձակվել են նաև Սարատովի մարզի Էնգելս քաղաքի ռազմավարական նշանակության օդանավակայանի վրա։
«Զոհեր և վնասներ չկան», - տեղեկացրել է Տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, թե չորս անօդաչու է խոցվել Սարատովի երկնքում։
«Այսօր Ուկրաինայի գոյատևումն է վտանգի տակ»
Ճակատում, սակայն, իրավիճակը հօգուտ ռուսների է, հատկապես՝ Դոնեցկի մարզի արևմուտքում՝ ավելի վաղ գրավված Ավդեևկայի մոտ։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը երեկ անգամ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի գոյատևումը վտանգի տակ է։
«Եկեք ինքներս մեզ չխաբենք, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի վրա։ Բայց ինչպես նախագահ Բայդենն է ասել, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք կանգնենք Ուկրաինայի կողքին և ապահովենք զենքը, որն անհրաժեշտ է Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այսօր Ուկրաինայի գոյատևումն է վտանգի տակ և Ամերիկայի անվտանգությունը»,-ասել է Լլոյդ Օսթինը։
Ելույթ ունենալով Գերմանիայում՝ ամերիկյան «Ռամշտայն» ռազմակայանում ամեն ամիս անցնող դաշնակիցների հավաքում, Պենտագոնի ղեկավարը միաժամանակ ընդգծել է՝ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին, չնայած հանրապետականները շարունակում են արգելափակել նախագահ Բայդենի առաջարկած 60 միլիարդ դոլարի օգնությունը։
Հանդիպումից առաջ ամերիկացի զինվորականներից մեկը, ում անունը «Ռոյթերս»-ը չի նշում, լրագրողներին ասել էր, որ, ըստ պենտագոնի, «Ուկրաինան մարտադաշտում կրակային հզորությամբ զգալիորեն զիջում է Ռուսաստանին»։
«Ռուսաստանը պարզապես ուզում է հողին հավասարեցնել մեր գյուղերն ու քաղաքները»,- անցած գիշեր հայտարարել է նախագահ Զելենսկին, հավելելով, - «այս ամսվա սկզբից ռուսական ավիացիան արդեն գրեթե 200 կառավարվող ռումբ է նետել միայն Սումիի շրջանի համայնքների վրա, պարզապես գյուղերի, քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»։
Եվրոպայի խորհուրդը Ուկրաինային աջակցելու հիմնադրամ ստեղծեց
Այս պայմաններում, մինչ ամերիկյան օգնության հեռանկարը մնում է մշուշոտ, հիմնական ծանրությունը ստիպված են իրենց վրա վերցնել Եվրամիության երկրները։ Նախօրեին Եվրոպայի խորհուրդը Ուկրաինային աջակցելու հիմնադրամ ստեղծեց՝ տրամադրելով ավելի քան 5 միլիարդ եվրո։
«Այս միջոցներով մենք կշարունակենք օգնել Ուկրաինային՝ պաշտպանել ինքն իրեն, այնքան, որքան պետք կլինի», - հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը։
Հաղորդվում է, որ այս գումարը կօգտագործվի մահաբեր, ինչպես նաև պաշտպանական զինատեսակների ու վարժանքների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռլինը հայտարարում է Ուկրաինա կես մլրդ եվրոյի սպառազինության առաքման մասինԶուգահեռ, մի քանի շաբաթ է՝ ակտիվ քննարկվում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե պետք չէ բացառել արևմտյան զինվորականները մասնակցությունը պատերազմին։ Անցած օրերին Հյուսիստլանտյան դաշինքի ղեկավարն ու մի շարք երկրների առաջնորդներ ասել են, թե դեմ են այդ գաղափարին։ Երեկ էլ Ուկրաինայի արտգործնախարարն է այս մասին խոսել, պնդել, թե Մակրոնի խոսքերը սխալ են մեկնաբանվել:
«Երբ Մակրոնը սկսեց խոսել Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին։ Մակրոնը պարզապես նկատի ուներ, որ ուկրաինացի զինվորներին ուղղակիորեն Ուկրաինայում մարզելու հնարավորություն կա, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- ասել է Կուլեբան։
Արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նաև պնդել է, թե Կիևը երբեք չի խնդրել Արևմուտքին զորք ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռներ։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը կհանգեցնի ՆԱՏՕ-ի հետ ուղիղ հակամարտության: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նախազգուշացրել էր, թե դա «ողբերգական» հետևանքներ կունենա։