Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ շեշտելով՝ դրանք տեղի ունեցան «ինտենսիվ ռեպրեսիաների և բանտարկությունների պայմաններում»։
Հարցին, թե Միացյալ Նահանգները ճանաչո՞ւմ է ընտրությունների արդյունքները, Պատելը նախ շեշտել է, թե ընտրությունները միանշանակ աներևակայելի ոչ ժողովրդավարական գործընթաց էին, ապա պատասխանել՝ «կարելի է վստահաբար ասել, որ չեն լինի շնորհավորական զանգեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից»:
«Նա, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանի նախագահ, բայց դա չի արդարացնում նրա ինքնավարությունը», - ասել է ԱՄՆ պաշտոնյան։
Նախօրեին էլ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Ռուսաստանում ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի չէին՝ նշելով՝ «դրանք հեռու էին ազատ կամ արդար լինելուց»։
Երեք օր տևած ընտրություններում Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ հռչակվեց նախագահ՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն։ Պաշտոնական տվյալներով, սա Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի նախագահին երբևէ տրված ամենամեծ վստահության քվեն է, որն ինչպես Պուտինը բացահայտ ասաց՝ նոր թափ կհաղորդի Ուկրաինայի դեմ իր՝ արդեն երկու տարի շարունակվող պատերազմին: Պուտինն արդեն շնորհավորանքներ է ստանում։