Չորեքշաբթի գիշերը Սարատովի մարզի Էնգելս քաղաքն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել, Տելեգրամի իր ալիքում գրել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով, տուժածներ և ավերածություններ չկան։
Էնգելսի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են քաղաքում պայթյունների ձայների մասին՝ նշելով, որ մոտ 2-ից 4-ը բարձր ձայներ են լսվել, ձայներից շենքերի ու տների ապակիներն են ցնցվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտի լույս 20-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը Սարատովի մարզի տարածքում չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, իսկ Բելգորոդի մարզում՝ մեկը։
«Ազատության» ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում է գտնվում ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ։ Ռուսական ինքնաթիռները, մասնավորապես, այդ օդանավակայանից են բարձրանում ու հարվածում Ուկրաինային։
Օդանավակայանը մոտ 700 կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից։ Այն մի քանի անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ընդհանուր առմամբ, այդ հարվածներից վեց ռուս զինծառայող է զոհվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱԹՍ-ները խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, իսկ զինվորականները մահացել են բեկորների հետևանքով։
Ուկրաինան պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հարվածները։