Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։
Ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
«Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ», - ասված է Փաշինյանի ուղերձում։
Պուտինին շնորհավորել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և հույս հայտնել, որ երկու երկրները «կշարունակեն ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»։
«Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը»,- ասված է նախագահի ուղերձում։
Երեք օր տևած ընտրություններում Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ հռչակվեց նախագահ՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն։ Պաշտոնական տվյալներով, սա Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանի նախագահին երբևէ տրված ամենամեծ վստահության քվեն է, որն ինչպես Պուտինը բացահայտ ասաց՝ նոր թափ կհաղորդի Ուկրաինայի դեմ իր՝ արդեն երկու տարի շարունակվող պատերազմին:
Նախքան ընտրությունները վերլուծաբանները համոզմունք էին հայտնել, որ Պուտինը կհաղթի քվեների մեծ առավելությամբ։
Արևմուտքում ցուցանիշները կասկածելի են որակել, քննադատել ընտրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետդեպը՝ ՌԴ-ում ընտրությունների մասին