Ռուսաստանցիներից խլել են ընտրելու իրավունքը, ասում է Երևան տեղափոխված ռուս երիտասարդը։
Երևանում Ռուսաստանի դեսպանության դիմաց կեսօրից առաջացած երկար հերթում կանգնած ռուսները համաձայն չեն իրողության հետ, որ իրենցից, ինչպես ասում են, գողացել են ազատ ընտրությունների իրավունքը։ Ու թեև պատրաստ են ժամերով հերթ կանգնել, բայց հասկանում են, որ իրենց քվեարկությունը բան չի փոխելու, և դաշնությունը 2000 թվականից ղեկավարող, 71- ամյա Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ նախագահ է ընտրվելու։
«Ես եկել եմ այսօր, կանգնած եմ այս հերթում, որ իմ կարծիքը բարձրաձայնեմ։ Այստեղ գալն այն քիչ հնարավորություններից է, որը մեզ թույլ է տալիս ցույց տալ՝ համաձայն չենք այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում», - ասաց ընտրողներից մեկը։
Ռուսաստանում նախագահական ընտրությունների երրորդ և վերջին օրն է։ Անկախ դիտորդներն ու փորձագետները ընտրությունները գնահատում են ոչ ազատ և ոչ մրցակցային։ Նախագահից բացի, երեք թեկնածու կա՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը «Նոր մարդիկ» կուսակցությունից, Պետդումայի պատգամավորներ Նիկոլայ Խարիտոնովը Կոմունիստական կուսակցությունից և Լեոնիդ Սլուցկին՝ ԼԴՊՌ կուսակցությունից։ Նրանք բոլորն աջակցում են Պուտինի սկսած պատերազմին Ուկրաինայի դեմ։ Արտախորհրդարանական բոլոր թեկնածուներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել։
Քվեարկության առաջին օրը՝ մարտի 15-ին, ընտրողների մասնակցությունը, պաշտոնական տվյալներով, գերազանցել է 38 տոկոսը, երկրորդին՝ 58 տոկոսը։ Եղել են ընտրատեղամասեր հրկիզելու և քվեաթերթիկները վնասելու փորձեր, երբ քվեատուփերը լցրել են թանաքով և կանաչ ներկով։ Քվեարկության առաջին օրվա ընթացքում Քննչական կոմիտեն առնվազն 15 քրեական գործ է հարուցել «ընտրական հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտելու» հոդվածով։
Այսօր Ռուսաստանում և երկրից դուրս «Կեսօրն ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիաներ են ընթանում՝ մարդիկ գալիս են ընտրատեղամասեր և մասնակցում ընտրություններին, կամ ձայնը տալիս ցանկացած այլ թեկնածուի, կամ էլ պարզապես փչացնում քվեաթերթիկը։ Ակցիային մասնակցելու կոչով իր մահից մի քանի օր առաջ հանդես էր եկել հյուսիսային գաղութում մահացած ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին։
Երանում Ռուսաստանի դեսպանության մոտ այսօր հավաքված ռուսներն ընդդիմության այս ակցիային մասնակցելու համար եկել էին նույնիսկ Թբիլիսիից։ Վրաստանում ընտրատեղամասեր չկան, քանի որ այդ երկիրը ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ։
«Ես հատուկ երկու օրով Թբիլիսիից եկել եմ Երևան՝ ընտրություններին մասնակցելու համար։ Երկրի համար իմ մասնակցությունը բան չի փոխի, բայց գոնե ես կիմանամ, որ արել եմ այն ամենը, ինչը օրենքով կարող էի անել Ռուսաստանի իշխանություններին դիմադրելու համար», - ասաց Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիներից մեկը։
Դեսպանության դիմաց հավաքված մեծամասամբ երիտասարդները եկել էին նաև Վանաձորից, Էջմիածնից։
Հավաքվածների մի մասն էլ ասում էր, թե չգիտի՝ ինչպես են հայրենիքում քվեարկել իրենց հարազատները, ընկերները, քաղաքականությունից հարազատների հետ չեն խոսում, բայց իրենք՝ Հայաստանում ժամանակավոր բնակվողները, համոզված են, որ պետք չէ ընտրել Պուտինին։
«Իմ հիմնական փաստարկը՝ նա պատերազմ է սկսել։ Ես կիսում եմ ուկրաինացիները ցավը, բայց նաև ռուսների համար է սիրտս ցավում, նրանք ռուսներին ուղարկում են այդ պատերազմ, որ նրանք սպանեն ու սպանվեն», - ասաց ընտրողներից մեկը, մյուսը հավելեց. - «Պատերազմ է, մարդիկ են զոհվում, ցանկացած նորմալ մարդ դեմ է պատերազմին։ Սա է իմ հիմնական փաստարկը, թե ինչու չպետք է ընտրել Պուտինին։ Նա մեր երկիրը փակուղի է տանում»։
Հավաքվածներն ասում էին նաև, թե կվերադառնան Ռուսաստան այն ժամանակ, երբ ավարտվի պատերազմն, ու իշխանությունը փոխվի՝ հավելելով, թե հասկանում են, որ դժվար թե դա արագ տեղի ունենա։
Ռուսաստանում նախագահն ընտրվում է վեց տարով։
Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, թե իրենց գուցե սա օգնի նաև ՌԴ-ում մնացածներին, օրինակ՝ իշխանությունները տեսնեն, թե ինչքան շատ մարդ է եկել, ինչ երկար հերթ է և չհայտարարեն նոր մոբիլիզացիա։