Բաքվից և Թբիլիսիից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։
Գործադիրի ղեկավարը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, առանձնազրույց ունեցել, քննարկել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ըստ հայկական կողմի՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
Երևանում Ստոլտենբերգը հանդիպում է ունենալու նաև նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
Մարտի 17-18-ը ներառյալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Ադրբեջանում էր, ապա Վրաստանում։ Բաքվում նա հանդիպեց նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի հետ։
Իլհամ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման, և, իհարկե, անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:
«Խաղաղությունը տարածաշրջանում չափազանց կարևոր է ոչ միայն այդ տարածաշրջանի ժողովուրդների, այլև ավելի ընդարձակ առումով՝ Սև ծովի շրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար»,- ասել է Ստոլտենբերգը՝ շարունակելով․ - «Հայաստանը և Ադրբեջանը հիմա ունեն երկարատև հակամարտությունից կայուն խաղաղության անցնելու հնարավորություն: Խրախուսում եմ ձեզ օգտվել այդ հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղությունն այս տարածաշրջանում շատ կարևոր է. Ստոլտենբերգ