ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին այցելելու է Հայաստան, տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ռազմական դաշինքի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Երևանում Ստոլտենբերգը հանդիպումներ է ունենալու նախագահի և վարչապետի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Յենս Ստոլտենբերգը հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
Նախքան Հայաստանը՝ մարտի 17-18-ը ներառյալ, հյուսիսատլանդյան դաշինքի գլխավոր քարտուղարը լինելու է Ադրբեջանում, ապա Վրաստանում։ Բաքվում նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Թբիլիսիում պաշտոնյան կհանդիպի երկրի նախագահին և վարչապետին։
Մամուլի համար համատեղ հայտարարություն նաև Իլհամ Ալիևի հետ է նախատեսված, Իրակլի Կոբախիձեի հետ ասուլիսով հանդես կգան։