Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում դինամիկան, ըստ փոխարտգործնախարարի, կարելի է աննախադեպ որակել

Այն դինամիկան, որ այսօր կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, կարելի է աննախադեպ որակել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, Եվրոպական խաղաղության գործիքին Հայաստանի հասանելության, հայկական ապրանքների եվրոպական շուկաներ ավելի դյուրին մուտքի շուրջ քննարկումները։

«Սրանց ուղղությամբ դրական զարգացումները թույլ կտան նաև առաջ շարժվել և ավելի հավակնոտ օրակարգերի մասին խոսել», - ասաց Կոստանյանը։

Անցած շաբաթ ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է բանաձևում։

Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

Հարցին՝ սառը չէ՞ր վարչապետի արձագանքը, թե՞ զուսպ մեկնաբանությամբ քաղաքական զգուշավորության, պրագմատիզմի դրսևորում էր, Կոստանյանը պատասխանեց․ - «Բացարձակ սառը չէի համարի նման ձևակերպումները, որովհետև էսպիսի որոշումները, որոնք շատ կարևոր են հենց Հայաստանի ապագայի և աշխարհում մեր դերի վերաբերյալ, կարծում եմ լայն քննարկումների առիթ պետք է հանդիսանան, և հենց ժողովրդավար պետություններին հատուկ է նման քննարկումներ ունենալը։ Այդ քննարկումները սկսվել են, փորձագիտական շրջանակները սովորական քաղաքացիներն արդեն խոսում են և այս խոսակցությունը վստահաբար էլ ավելի մեծ ծավալներ կստանա»։

Նախքան բանաձևի ընդունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո արդեն ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել՝ շեշտելով՝ «երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստոր․