Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը՝ այն որակելով՝ «երկակի ստանդարտների վառ օրինակ»


Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը՝ այն որակելով՝ «անհիմն», «կողմնակալ», «երկակի ստանդարտների վառ օրինակ»։

«Եվրախորհրդարանում, Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից առաջ քաշված այս բանաձևը, չնայած ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» և, իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, սակայն այն Ադրբեջանի դեմ արշավի անբաժանելի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծված են», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Դիմելով Եվրախորհրդարանին՝ ադրբեջանցի դիվանագետն ասել է՝ «նշված արժեքների հետ որևէ առնչություն չունեցող նման բանաձևերը իսպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերը որպես առանձին կառույց»։

Ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը երեկ ընդունեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։

Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG