Հայաստանի քաղաքական հայտարարությունները պետք է դառնան իրականություն, ասում է իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է սցենար, որ ռուս խաղաղապահները դուրս չգան «Զվարթնոցից»։
Համոզված, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ նաև հայտարարեց՝ վերջնական որոշումը կկայացվի միջգերատեսչական քննարկումների արդյունքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ժամկետ էր նշել՝ հայ սահմանապահները ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն կիրականացնեն օգոստոսի 1-ից։
Այդ ժամկետն ուժի՞ մեջ է, թե՞ այն կորոշվի ռուսական կողմի հետ քննարկումներից հետո միայն։
«Ցանկացած քաղաքական գնահատական և հայտարարություն, երբ նաև պետք է դառնա իրականություն, նաև աշխատանքային մակարդակում պետք է քննարկվի։ Ես կարծում եմ՝ խոսքը հենց սրա մասին է, նամանավանդ երբ վերաբերում է մի գործընկերոջ, ում հետ մենք ունենք դաշնակցային հարաբերություններ։ Միգուցե այդ քննարկումների արդյունքում մեր գործընկերները լիովին պատկերացնեն՝ այդ հայտարարություններն ինչի համար են, ՀՀ-ն սուվերեն երկիր է, և ինքն ունի իրավունք՝ որոշելու, թե ոնց է պատկերացնում իր քայլերի հաջորդականությունը, մանավանդ նման հարցերի հետ կապված։ Կուզեի, որ մեր բոլոր գործընկերները այն գործողություններին, որ մենք իրականացնում ենք այսօր, վերաբերվեն ըմբռնումով և դրա մեջ չտեսնեն այլ ենթատեքստեր, որը գոյություն չունի», - ասաց իշխանական պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը չի նպաստի ՀՀ անվտանգությանը»ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ռուս սահմանապահներից հրաժարվում է միայն «Զվարթնոց» օդանավակայանում
Օդանավակայանից ռուսներին հանելուն ԱԺ նախագահը կողմ էր արտահայտվել՝ մտավախություն հայտնելով, թե վստահ չէ, որ նրանք կպաշտպանեն երկրի սահմանները։ Վարչապետն առավելապես շեշտադրել էր 90-ականներից հետո ձեռքբերված փորձառությունը, որը թույլ է տալիս հայ սահմանապահներին հսկողություն իրականացնել առանց ռուսական կողմի աջակցության։ Վաղարշակ Հակոբյանը պնդում էր՝ քննարկում չի եղել մյուս կետերից, այդ թվում՝ հայ- թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու մասին։
«Եղել է կոնկրետ հայտարարություն «Զվարթնոցի» մասով, այլ հայտարարություն և այլ գործընթաց, ներառյալ Ձեր նշած կոնտեքստում քննարկում չի եղել», - ասաց պատգամավորը։
Զախարովան երեկ հայտարարում էր՝ Երևանի որդեգրած կուրսի շարունակությունը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, տնտեսական զարգացման հեռանկարները։ Խորհրդարանի եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Հակոբյանն այսօր նաև ռուս գործընկերներին էր ուղղում խոսքը՝ երկուստեք պետք է զերծ մնալ էմոցինալ հայտարարություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան«Քաղաքականության մեջ էմոցիան կարող է նաև գործընկերային հարաբերություններին ինչ-որ չափով վնաս հասցնել։ Հայաստանի Հանրապետությունը որևէ հակադրումների ճանապարհով չի գնում և չի էլ գնալու», - նշեց նա։
Ռուսական կողմին դուր չեն գալիս Եվրամիության հետ Հայաստանի ջերմացող հարաբերությունները։ Երևանը չի թաքցրել՝ քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը։