Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը չի նպաստի ՀՀ անվտանգությանը»


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը», - այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը ռուսաստանցի սահմանապահների դուրսբերման մասին Մոսկվային տեղեկացրել է բացառապես միջգերատեսչական խողովակներով։

«Դիվանագիտական խողովակներով մենք որևէ բան չենք ստացել։ Ելնում ենք նրանից, որ վերջնական որոշումը կկայացվի միջգերատեսչական քննարկումների արդյունքում։ Հարկ է նկատել, որ այս հայտարարությունը հնչել է պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և պնդումների ֆոնին։ Այս նախաձեռնությունը հազիվ թե բխի Հայաստանի և այդ երկրի քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կողք-կողքի արդյունավետորեն լուծում էին հայ և ռուսաստանցի սահմանապահները», - նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև պնդել է, թե պաշտոնական Երևանի ներկայիս կուրսի շարունակումը «կարող է վերջին հաշվով անդառնալի վնաս պատճառել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ավերել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, արտացոլվել նրա սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդնավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասաց վարչապետը։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG