Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, կառավարության ղեկավարի առաջին արձագանքն է Եվրամիության օրենսդիր մարմնի երեկ կայացրած որոշմանը: Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը:
«Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը», - ասաց նա:
Ընդունած բանաձևով, որը ենթակա չէ պարտադիր կատարման, ԵՄ օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Սրան նախորդել էր Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետի՝ ամիսներ առաջ ունեցած ելույթը, նաև վերջին շրջանում հայ պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։
«Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն», - նշել է կառավարության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը. Միրզոյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել․ Փաշինյան
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չի քննարկում. ԱԺ փոխնախագահ
Բանաձևի ընդունումը նաև Հայաստանի խորհրդարանականներին է ոգևորել: Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, Ֆեյսբուքում գրել է խորհրդարանի խոսնակը։
Հնարավո՞ր է Երևանն, օրինակ, ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը լքելու որոշում կայացնի, հատկապես որ Եվրախորհրդարանի պատգամավորներին հենց ՀԱՊԿ-ի, նաև ռուս սահմանապահների վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների հայտարարություններն են ոգևորել: Ի պատասխան խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց՝ օրակարգը պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի սահմանած ուղենիշներով:
«Միանշանակ է, որ լայն հասարակական քննարկման պիտի արժանանա, և արդեն քայլերի մասին հետագայում կունենանք հնարավորություն խոսելու», - նշեց նա։
Հարցին՝ քննարկվո՞ւմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, ասաց. - «Նման հարց չի քննարկվել, նման հարցի քննարկման ես չեմ մասնակցել»։
Մինչ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության ուղղությամբ շարժվելու հարցով հանրային քննարկում է առաջարկում՝ առանց հստակեցնելու, թե կառույցի անդամության թեկնածու դառնալը որքանով է իրատեսական, մարդիկ անորոշության մեջ են:
«Եվրամիություն մտնելն այդքան հեշտ չի, այնտեղ էլ այնպես չի, որ գործերը շատ լավ են», - ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելում. - «Միանշանակ միայն Եվրամիության հետ»։
Եվրոպական խորհրդարանի բանաձևը կարևոր է, բայց ԵՄ անդամության թեկնածու դառնալու ճանապարհն անցնում է ոչ թե օրենսդիր, այլ գործադիր մարմնի հետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է ընդգծում: Իսկ կա՞ն նման ազդակներ Եվրահանձնաժողովից և խորհրդից, որ Հայաստանը ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորություն ունի:
«Չեմ կարծում, որ նման խոսակցություն մանրամասնորեն տեղի է ունեցել, և շատ դժվար է ասել այդ ազդակի մասին, որովհետև պետք է հաշվի առնենք, որ նաև ԵՄ-ն մեկ կազմակերպություն չէ, 27 երկրների ներպետական մարմին է, և այնտեղ որոշումները կոնսենսուսով են ընդունվում, ուստի ես այս պահին կդժվարանամ պատասխանել, որ արդյոք այդպիսի միասնական ազդակ կա այդ հարցի վերաբերյալ, թե ոչ», - ասաց նա։
Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման ֆոնին շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ: Սարգիս Խանդանյանը այսօր դարձյալ ընդգծեց՝ այդ կառույցներից դուրս գալու քննարկում այս պահին չկա: