Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին երեկ Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումից հետո Գրոսսին X-ի իր էջում գրառում է կատարել՝ շեշտելով, որ մտքերի կարևոր փոխանակում է ունեցել Պուտինի հետ Զապորոժիեի ատոմակայանի ապահովության, միջուկային անվտանգության և այլ մարտահրավերների շուրջ։
ԱԷՄԳ-ի տնօրենը հանդիպումից նաև լուսանկարներ է հրապարակել։
Ռուսաստանի նախագահի գրասենյակն իր հերթին հաղորդել է հանդիպման մասին՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է քննարկման և անելու հնարավորը՝ ապահովելու անվտանգությունն այնտեղ, որտեղ ինչ-որ կերպ առնչություն ունի միջուկային էներգիայի հետ։
«Ես գիտեմ, որ մեր այսօրվա հանդիպման օրակարգում Դուք ունեք զգայուն և կարևոր հարցեր, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրանք քննարկել և անել ամեն ինչ, որպեսզի ցանկացած կետում ապահովենք անվտանգությունը, որտեղ ինչ-որ կերպ առնչություն ունենք միջուկային էներգիայի հետ», - ասել է Պուտինը։
«Այո՛, շատ կարևոր ժամանակներ են, կան մարտահրավերներ, և մենք կքննարկենք այդ մարտահրավերները», - ըստ Կրեմլի՝ իր հերթին ասել է Գրոսսին՝ շարունակելով․ - «Համաշխարհային էներգետիկայի փոփոխությունների տեսանկյունից զգայուն հարցեր կան։ Այստեղ պարոն Լիխաչովի («Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչով) հետ առավոտյան հանդիպեցինք, քննարկեցինք տարբեր թեմաներ։ Իմ կարծիքով, այս խոսակցությունը չափազանց կարևոր է։ Եվ ես գնահատում եմ հնարավորությունը և պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել այս բոլոր թեմաները»։
Իսկ բուն քննարկման մասին չի հաղորդվում։
Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում և ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։
Ռաֆայել Գրոսսին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երեք անգամ այցելել է ԱԷԿ՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ անկայուն։
Անցած դեկտեմբերին «Ռոսատոմ»-ը և ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ատոմակայանի իրավիճակի շուրջ 2024-ի սկզբին խորհրդակցություններ անցկացնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում իրավիճակը «պոտենցիալ վտանգավոր» է անվանել