Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ շեշտելով՝ միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը։
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ասել է դեսպանը՝ շեշտելով՝ նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով:
«Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է», - ասել է Դըկոտինյին։
Բաքուն բազմիցս մեղադրել է Ֆրանսիային Հայաստանին զինելու մեջ։ Բաքվում գործող պետական և իշխանությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն էլ պարբերաբար գրում են, թե «Հայաստանն ու Ֆրանսիան հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի դեմ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի իշխանամետ մամուլը պնդում է, թե «Երևանն ու Փարիզը սահմանին տեղային գործողություն են ծրագրում»Անդրադառնալով Ադրբեջանի մտահոգություններին՝ դեսպանը շեշտել է՝ Բաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ են տրամադրում։
«Համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է», - ասել է դեսպանը՝ հստակեցնելով․ - «Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին»։
Հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանական զենք գնել՝ անկախ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային իրավիճակ կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև զենքը. Figaro