Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մարտի 5-ին Չեխիա կատարած այցի ընթացքում վերահաստատել է Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին իր հայտարարությունը, կոչ արել եվրոպացիներին՝ «վախկոտ չլինել»։
Մակրոնը Պրահայում է Ֆրանսիայի և Չեխիայի միջև առաջիկա չորս տարիներին ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման շրջանակներում։
Ֆրանսիական միջազգային ռադիոն (RFI) նշում է, որ իր այցի հենց սկզբում Ֆրանսիայի նախագահը հասկացրել է՝ այն ամենը, ինչ ասել է փետրվարի 26-ին Ելիսեյան պալատում ոչ թե վերապահում է, այլ մտածված դիրքորոշում։
Մակրոնը, վկայակոչելով պատմությունը, նախ խոսել է անցյալ դարում երկու մասի բաժանված Եվրոպայի մասին՝ շեշտելով, թե «Եվրոպայի մի մասը չէր ցանկանում տեսնել մյուս մասի դժվարությունները՝ որոշ իմաստով թողնելով վերջինիս ճակատագիրը տոտալիտարիզմին», ապա ընդգծել․ - «Մենք միանշանակ մոտենում ենք եվրոպական պատմության մի կետի, որտեղ չպետք է վախկոտ լինել»:
«Մենք երբեք չենք ցանկանում դրամաներ տեսնել», - ասել է Մակրոնը՝ շարունակելով․ - «Ե՛վ Փարիզը, և՛ Պրահան գիտակցում են՝ այն ուժերը, որոնք դարձել են անկասելի, ամեն օր բարձրացնում են մեզ վրա հարձակման վտանգը, և մենք պետք է լինենք պատմության և խիզախության գագաթնակետին»:
Մակրոնը փետրվարի 26-ին Փարիզում՝ եվրոպական շուրջ երկու տասնյակ պետությունների ղեկավարների հավաքի ավարտին, չբացառեց ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:
«Այս պահին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս գոյություն չունի։ Ոչինչ, սակայն, բացառել պետք չէ։ Մենք կանենք այն ամեն, ինչ պարտավոր ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», - հայտարարել է Մակրոնը։
Նրա հայտարարությունից ժամեր անց ՆԱՏՕ-ն, ԵՄ մի շարք երկրներ դեմ արտահայտվեցին։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց՝ Դաշինքի անդամներն աննախադեպ աջակցություն են տրամադրում Կիևին 2014 թվականից ի վեր, սակայն Ուկրաինայի տարածք զորք ուղարկելու մտադրություն ՆԱՏՕ-ն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հնարավոր միջամտողների հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»․ Պուտինի արձագանքը՝ Մակրոնին