Մատչելիության հղումներ

Փարիզը հայտարարում է՝ Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, արխիիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, արխիիվ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ասել է, թե Ֆրանսիան զորք չի ուղարկի Ուկրաինա։

«Ֆրանսիացիներ չեն զոհվի հանուն Ուկրաինայի, մենք զորք չենք ուղարկի ռազմական գործողություններ իրականացնելու, քանի որ ստեղծվել են շրջանակներ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի՝ առանց Ռուսաստանի հետ պատերազմի», - France Inter ռադիոկայանի եթերում վստահեցրել է նախարարը:

«Եվ հենց այդ շրջանակներում ոչինչ չի բացառվում, ինչպես ասել է հանրապետության նախագահը», - հավելել է Սեժուրնեն:

Նա այդպես մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ չի կարելի բացառել Ուկրաինա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը: Սեժուրնեն ընդգծել է, որ Ֆրանսիայի բոլոր ջանքերն ուղղված են պատերազմից խուսափելուն, այլ ոչ թե ֆրանսիացիների մտահոգությունները մեծացնելուն։

Մակրոնը փետրվարի 26-ին Փարիզի կազմակերպած միջազգային համաժողովից հետո ասել է, թե «այս պահին Ուկրաինա զորք ուղարկելու հարցում կոնսենսուս չկա, սակայն ապագայում ոչինչ չպետք է բացառվի»:

Մակրոնի այդ հայտարարությունը բացասական արձագանք և տարակուսանք է առաջացրել Ֆրանսիայում և միջազգային ասպարեզում: Վաշինգտոնը նշել է, որ նման ծրագիր չի քննարկվում: Նույնը հայտնել են Բրյուսելում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքը չի նախատեսում մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա։ ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի քաղաքական գործիչներին խուսափել այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է վատթարացնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն պնդել է, որ Մակրոնի խոսքը ենթադրում է ոչ թե ռազմական գործողությունների սրում և դրանցում ֆրանսիացիների մասնակցություն, այլ Կիևին ռազմական աջակցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը կամ ականազերծման հարցում Ուկրաինային օգնության ավելացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG