Եվրոպական որոշ երկրներ, հանձինս Ֆրանսիայի, փորձում են խաթարել ադրբեջանա-հայկական բանակցությունները, Թուրքիայում APA-ի թղթակցին ասել է ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանը անկեղծություն է ցուցաբերել խաղաղության հասնելու հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե «արտաքին ճնշում չլինի»։
«Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև յուրաքանչյուր դրական քայլ իր դրական ազդեցությունն է ունենալու Թուրքիայի և Հայաստանի միջև գործընթացում», - ասել է թուրք դիվանագետը՝ շարունակելով․ - «Տարածաշրջանում, իհարկե, կարևոր է նաև Վրաստանը։ Բայց այս գործընթացները կարևոր են ոչ միայն տարածաշրջանի համար։ Միջին միջանցքի արդիականացումը, էներգետիկ հաղորդակցության կարողությունների ավելացումը կենսական նշանակություն ունեն Եվրոպայի և Ասիայի համար»։
Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսեցին 44-օրյա պատերազմից հետո, ու թեև պաշտոնապես հայտարարվում է, թե գործընթացն ընթանում է առանց նախապայմանների՝ Անկարան հաճախ հաշտեցումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Երեկ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում առաջարկեց հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական։ Ի պատասխան հայ բանագնացը՝ հայտարարեց՝ «կքննարկենք»։ Բանագնացների վերջին հանդիպումն 2022-ի հունիսին էր Վիեննայում։
Քըլըչն այսօր վերահաստատել է երեկվա իր հայտարարությունը՝ շեշտելով․ - «Մենք որոշել ենք, հանդիպում կլինի, օրն և վայրը դեռ կորոշենք»։
Ռուբինյանն էլ CNN TÜRK-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ. Էրդողան