Երևանը հուսով է՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բեռլինյան հանդիպմանն առաջընթաց կարձանագրեն, Աթենքում հույն գործընկերոջ հետ բանակցություններից հետո այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին, և ուր ենք մենք հասել, և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար։ Իհարկե, տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն վաղը։
Այս հանդիպումից 2 օր առաջ՝ երեկ, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները և հրաժարվել տարածքային նկրտումներից»։ Երևանը մեկ անգամ չէ, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում նաև Հայաստանի սահմանադրությունում, օրենքներում ու միջազգային դատարաններ ներկայացված հայցերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի բացառվում, որ Ադրբեջանը ուժով զիջումներ պարտադրի. Օլեսյա ՎարդանյանՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Աթենքը դեմ է ուժի և սպառնալիքի կիրառմանն ու հարգում է յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Հույն պաշտոնյան հավաստիացրեց, թե Աթենքը միշտ Երևանի կողքին կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
«Տարածաշրջանը վերածվի բախումների թատերաբեմից առևտրական հանգույցի՝ կապելով սևծովյան երկրները, Պարսից ծոցի երկրները, Միջերկրական ծովի երկրները, որովհետև միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, որովհետև միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը», - ասաց նա։
Միցոտակիսը կարևորեց Հայաստանի վարչապետի այցը՝ շեշտելով՝ այն է՛լ ավելի է ամրապնդում Երևանի ու Աթենքի փայլուն հարաբերությունները։ Հունաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հստակ ցույց են տալիս Երևանի ուղղվածությունը Արևմուտք. - «Չափազանց կարևոր է՝ որպես Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր՝ մեր երկիրը պատրաստ է իր գիտելիքներով, իր փորձով, ունակություններով ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունաստանի ԱԳ նախարարը Երևանում է, հանդիպել է Միրզոյանի հետՀայաստանի վարչապետն էլ հույս ունի, որ իր այցով նոր խթան կտրվի երկկողմ հարաբերություններին՝ տնտեսականից մինչև անվտանգություն:
Անցած տարեվերջին Հայաստանն ու Հունասանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին, սակայն չբացահայտեցին՝ ինչ է նշանակում դա։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափով զարգացնելու համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղությունները։
«Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա:
Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ մեր երկու երկրներն առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, ընդհանրապես, և ժողովրդավարական բարեփոխումներին՝ մասնավորապես: Եվ սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության հետ, ընդհանրապես», - նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մեկօրյա այցով է Աթենքում, նա այսօր նաև Հունաստանի նախագահի հետ է հանդիպել։ Տեղի հայ համայնքի հետ հանդիպում չի նախատեսվում։