Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Ադրբեջանը ուժով զիջումներ պարտադրի. Օլեսյա Վարդանյան


Չի բացառվում, որ Ադրբեջանը ուժով զիջումներ պարտադրի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ադրբեջանը կգնա՞ պատերազմի: Ի՞նչը կկանգնեցնի Ալիևին:

Վարդանյան. - Եթե դիտարկենք իրավիճակը դասավորվածության տեսանկյունից, ապա մեծ հաշվով, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր Հայաստանի համար քիչ բան է փոխվել, նույնիսկ հաշվի առնելով այն զենք-զինամթերքը, որ այժմ մատակարարվել է Ֆրանսիայից կամ գուցե նաև այլ երկրներից։ Այսինքն՝ ադրբեջանական զորքերը դեռ շատ շահեկան դիրքեր են զբաղեցնում առնվազն երկու մարզերում։ Նկատի ունեմ Վայոց ձորն ու Գեղարքունիքը։ Դե, իհարկե, նաև Սյունիքում, որտեղ նրանք առանցքային կոմունիկացիաների կողքին են, նկատի ունեմ ճանապարհները։ Եվ, սկզբունքորեն, Ադրբեջանը բավականաչափ ուժ ունի որոշ հարցեր ուժային ճանապարհով լուծելու համար։ Դա չի նշանակում, որ նրանք անպայման կգնան դրան ու Իրանի հետ սահմանի երկայնքով իրենց համար ճանապարհ կբացեն։ Սա կարող է ենթադրել ռազմական այլ գործողություններ, որոնք, օրինակ, կստիպեն Հայաստանին և Հայաստանի ղեկավարությանը գնալ զիջումների, այդ թվում՝ կատարել Բաքվի կողմից ներկայացվող պահանջները։ Կարծում եմ՝ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այդ գործողությունը ենթադրում է, ասենք, երկիրը երկու մասի բաժանելը, որպեսզի Սյունիքը մնա մեկուսացված և որպեսզի դրանով նրանք կարողանան ստիպել Հայաստանի ղեկավարությանը գնալ որոշակի զիջումների։ Երբեմն լսում եմ նաև, որ ոմանք դիտարկում են նաև Տավուշի ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանի հյուսիսում ռազմական գործողությունների հնարավորությունը։ Դե, ճիշտն ասած, դա Ադրբեջանի համար շատ ավելի ռիսկային է այն պարզ պատճառով, որ այնտեղ ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը շատ ավելի վաղուց է սկսվել, և այնտեղ ռազմական հաղորդակցության հաստատված համակարգ գոյություն ունի։ Բացի դրանից, սա մի վայր է, որտեղ երկու կողմից էլ շատ մարդիկ են ապրում, այսինքն՝ այնտեղ երկու կողմից էլ, այդ թվում՝ Ադրբեջանից, խիտ բնակեցված վայրեր կան, և բացի այդ, այն շատ մոտ է խողովակաշարերին, որոնք կարևոր են ողջ տարածաշրջանի համար։ Ուստի այնտեղ, իհարկե, կարող են որոշակի ռազմական գործողություններ իրականացվել, բայց եթե ենթադրենք, որ լինեն, ապա դա կլինի շատ ավելի ռիսկային և վտանգավոր, քան մեկ այլ վայրում։

Ինչո՞ւ եմ ես դիտարկում այս սցենարը: Որովհետև եթե նայեք, ապա սկզբունքորեն Ադրբեջանը հնարավորություն ունի անգամ չգրավել, չօկուպացնել հայկական տարածքը։ Նրանք կարող են մտնել, ստիպել Հայաստանին ինչ-որ որոշումներ կայացնել ու դուրս գալ։ Եվ այս դեպքում, իհարկե, սրան կարելի է տարբեր կերպ մոտենալ։ Օրինակ, նույնը եղավ Լեռնային Ղարաբաղում, որտեղ 24 ժամից էլ քիչ ժամանակում Ադրբեջանը լիովին հաղթեց և ստիպեց այն ժամանակվա իշխանության տեղական ներկայացուցիչներին համաձայնվել հրադադարի։ Ադրբեջանի դեպքում այս տարի հավանաբար մեկ մեծ տարբերություն կա։ Գալիք նոյեմբերին Ադրբեջանում պետք է տեղի ունենա կլիմայական խոշոր գագաթաժողով: Սա միջազգային երևույթ է։ Եվ որքան ես եմ հասկանում, նախագահ Ալիևը որոշակի ակնկալիքներ ունի, որ սա իր համար շատ կարևոր իրադարձություն է լինելու, որին, կարելի է ենթադրել, նա կցանկանար, որ ներկա գտնվեին բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ արևմտյան երկրներից։ Այսպիսով, օրինակ, եթե այս պայմաններում դուք ինչ-որ ռազմական գործողություն եք իրականացնում իմ ասած սարսափելի տարբերակներից մեկի համաձայն, ապա, հավանաբար, դա ենթադրում է որոշակի քննադատություն և խնդիրներ հյուրերի ժամանման հետ կապված։ Դե, ոմանք կարծում են, որ սա իրականում այդքան լուրջ խնդիր չի առաջացնի, և սա լիարժեք երաշխիք չի կարելի համարել։ Այսօրվա մեր աշխարհում ոչինչ լիարժեք երաշխիք չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG