Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Մարիա Պևչիխը պնդում է, որ Պուտինի կոշտ ընդդիմախոս Նավալնիին բանտում սպանել են Բեռլինում սպանության համար պատիժը կրող ռուս լրտես Վադիմ Կրասիկովի հետ փոխանակումը կանխելու համար։
«Փետրվարի 15-ին ինձ հաստատել են, որ փոխանակման շուրջ բանակցություններն եզրափակիչ փուլում են, փետրվարի 16-ին Ալեքսեյին սպանեցին», - նշել է Պևչիխը։
Նրա խոսքով՝ Նավալնիին Կրասիկովի հետ փոխանակելու գաղափարը նախագահ Պուտինին է փոխանցել է գործարար Ռոման Աբրամովիչը։
«Այդպես ուրեմն․ եթե արևմտյան երկրները «սկզբունքորեն պատրաստ են» փոխել Կրասիկովին Նավալնիի հետ, ուրեմն Նավալնին չպետք է լինի, այդ ժամանակ մեկ ուրիշով կփոխանակեն, մտածել է Պուտինը», - ասել է Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարը։
Պուտինին հասկացրել են, որ Կրասիկովին ազատելու միակ ճանապարհը Նավալնիի հետ փոխանակելն է, սակայն Պուտինը դա այլ կերպ է մեկնաբանել, ասում է Պևչիխը:
Ընդորում՝ Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարն ընդունում է, որ այս վարկածն այնքան էլ տրամաբանական չէ, բայց պնդում է, որ Պուտինը իռացիոնալ որոշում է կայացրել։
Նավալնիի թիմակիցն իր պնդումների ուղղակի ապացույցներ չի ներկայացնում։ Նա վկայակոչում է այն փաստը, որ The Wall Street Journal-ը նախկինում հիշատակել է Նավալնիին Կրասիկովի հետ հնարավոր փոխանակման համատեքստում և որ Պուտինը խոսել է Չեչնիայի նախկին դաշտային հրամանատարի սպանության համար դատապարտված Կրասիկովի մասին որպես մի անձի, ով կարող էր փոխանակվել Ռուսաստանում դատապարտված ամերիկացիների հետ:
Կրմելը սրան դեռ չի արձագանքել։
Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան ավելի վաղ ասել էր, որ գիտի, թե ինչի համար են սպանել իր ամուսնուն և որ առաջիկայում իր թիմը կպատմի այդ մասին:
Նավալնայան հայտարարել էր, որ շարունակելու է Նավալնիի գործը: Ընդդիմադիր գործչի բոլոր թիմակիցները հրապարակավ ողջունել են այրու որոշումը։
Հեռավոր Հյուսիսի խիստ ռեժիմի գաղութում մահացած Նավալնիի մահվան ստույգ պատճառները չեն նշվում բժշկական եզրակացության մեջ, որը ստորագրել է Նավալնիի մայրը, որդու մարմինը ստանալու համար, նշվում է, որ նա բնական մահով է մահացել։
Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարել էր, որ բանտարկյալը հանկարծակի վատացել է և նրան չեն կարողացել վերակենդանացնել։ Պետական RT հեռուստաալիքը հայտարարություն էր տարածել, որ մահվան պատճառը թրոմբոէմբոլիան է։ Իր աղբյուրներին հղում անելով` նույնն է պնդել նաև Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Պևչիխը Բուդանովին ստախոս է համարել։
Նավալնիի դին մորը՝ Լյուդմիլա Նավալնայային են փոխանցել մահից ինը օր անց, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները փորձում են թաքցնել մահվան իրական պատճառը։
Դեռևս հայտնի չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը։ Հայտնի է միայն, որ մայրը և փաստաբանները Նավալնիի դին տեղափոխել են Մոսկվա և հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին, մինչև մարտի 1-ը։
Ալեքսեյ Նավալնին ռուս ամենահայտնի ընդդիմադիր էր։ Նա դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման մի շարք քաղաքական մեղադրանքներով։ 2020 թվականին նա հրաշքով ողջ է մնացել թունավորման փորձից հետո։
Մահից մի քանի օր առաջ Նավալնին 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց։