Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է Գերշկովիչին փոխանակել Կրասիկովի հետ


Էվան Գերշկովիչ
Էվան Գերշկովիչ

Հնարավոր է համաձայնության հասնել Ռուսաստանում կալանավորված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի ազատման հարցում, ամերիկացի լրագրող, Fox News հեռուստաընկերության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը Ռուսաստանում ձերբակալվել է 2023-ի մարտին՝ լրտեսության կասկածանքով։ Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ Պետդեպարտամենտը Գերշկովիչի անունը ներառել է ապօրինի ձերբակալված անձանց ցանկում։

Պուտինը հարցազրույցում ասել է, որ Գերշկովիչն աշխատել է ոչ թե The Wall Street Journal-ում, այլ «ամերիկյան հետախուզական ծառայությունների համարել» և «բռնվել է գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին»։

Ըստ Ռուսաստանի նախագահի՝ «սա կոչվում է լրտեսություն», սակայն համաձայն է, որ Գերշկովիչին ռուսական բանտում պահելն անիմաստ է և հարցը պետք է լուծվի «հատուկ ծառայությունների խողովակներով»։

Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը մի մարդու պատմություն է ներկայացրել, ով «պատիժ է կրում Միացյալ Նահանգների դաշնակից երկրներից մեկում»։ Նրա խոսքով՝ այդ մարդը, իբր «կապ չունի հատուկ ծառայությունների հետ։ Նա ուղղակի, «հայրենասիրական դրդումներով ավազակ է ոչնչացրել եվրոպական մայրաքաղաքներից մեկում»։

ՌԴ նախագահը նկատի ուներ ցմահ ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Կրասիկովին (Վադիմ Սոկոլով)։

Վադիմ Կրասիկովը 2021 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2019 թվականի օգոստոսին Բեռլինի կենտրոնական այգում Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Թորնիկե Խանգոշվիլիին սպանելու համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:

XS
SM
MD
LG