ՀԱՊԿ-ը Երևանից «անդամակցության կասեցման մասին դիմում չի ստացել»

ՀԱՊԿ-ը Երևանից անդամակցության կասեցման մասին դիմում չի ստացել, «Նովոստի»-ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։

«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից դիմում չի ստացել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին պնդումներին, ապա, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից վերջերս իրականացված մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցության մասին է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում, France 24-ի հետ զրույցում, պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին, ասել է, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ռազմական այդ դաշինքին։

«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, և դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այդ հետևանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերևա», - հայտարարել է Փաշինյանը:

Երևանը ամենաբարձր մակարդակով քննադատում է ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունների ձախողման համար: Չնայած դիմումներին՝ կազմակերպությունը ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին ադրբեջանական հարձակումների ժամանակ, այլ նաև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին: Երևանը բոյկոտում է ՀԱՊԿ-ի նիստերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ. ԱԺ նախագահ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա»․ Գալուզին