Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ակնկալում ենք, որ նա կշարունակի շրջել տարածաշրջանով և մոտ ապագայում կկարողանա այցելել այդ թվում՝ Երևան՝ բարեկամաբար, գործընկերային հարաբերություններում քննարկելու բոլոր մանրամասները, որպեսզի այդ շփումները գործեն ի շահ կարգավորման», - ասել է Զախարովան։
Երեկ ադրբեջանական կողմը նաև հաղորդեց, որ Խովաևը Բաքվում է, հանդիպել է արտգործնախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վիճակն ու հեռանկարները, վերջին իրադարձությունները և տարածաշրջանային թեմաներ»։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ռուսաստանցի բանագնացն Ադրբեջանում է սահմանին վերջին լարվածության ֆոնին, երբ ադրբեջանական կրակոցից Ներքին Հանդի դիրքերում չորս զինծառայող զոհվեց, մեկը վիրավորվեց։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում