Հայաստանի արտգործնախարարության կայքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինն այս պահին հասանելի չէ։ Ընդ որում` ոչ հայերեն, ոչ էլ անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն։ Սա այն էջն է, որի շուրջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատության» հետ զրույցում օրեր առաջ մտահոգություն էր հայտնել։
Այդ հարցազրույցի հրապարակման օրը էջը հասանելի էր և նշում էր՝ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։
«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար», - նշել է Ամիրբեկովը:
Արտգործնախարարությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք Ադրբեջանի այս մտահոգությունն է կայքի անհասանելիության պատճառը։ Խոսնակ Անի Բադալյանը փոխանցեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել»։
Բաժինն իսկապես կա՝ բայց դրա բովանդակությունը հասանելի չէ։ «Ազատությունը» խնդրել էր նաև պարզաբանել՝ հնարավո՞ր է ՝ ադրբեջանական կողմի համար խնդրահարույց «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է» ձևակերպումը հանվի։ Հարցն, ըստ էության, անպատասխան թողնելով Արտգործնախարարության խոսնակը միայն արձագանքել է՝ «բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»։ Այս դեպքում էլ առանց հստակեցնելու՝ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը՝ հորդորել էր՝ «տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից»:
Այս նույն ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ կայքը շարունակում է պնդել՝ Ղարաբաղի շրջանը պատմականորեն միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը, և որ վերջին տարիների բոլոր բախումները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը սկսել է Հայաստանը՝ հարձակվելով Ադրբեջանի դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պարզաբանել է՝ էլ որ փաստաթղթերի հետ է խնդիր տեսնումԱրտգործնախարարության կայքը միակը չէ, որտեղ Ադրբեջանը խնդիր է տեսնում։ «Ազատությանը» տված հարցազրույցում Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը խնդրահարույց էր որակել նաև 1991-ի Ալմա Աթիի հռչակագրից հետո ընդունված վերապահումները, որոնցից մեկը տարածքային ամբողջականության ճանաչմանը հավասար նշում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Մյուս պահանջն էլ վերաբերում է Անկախության հռչակագրին, որին հղում է անում Հայաստանի Սահմանադրությունը։
Դա նաև Հայաստանի արտգործնախարարն էր փաստել. - «Որքան Ադրբեջանն է էդ խնդիրը տեսել ու ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք էդպիսի խնդրի իրենց իրավական դաշտում, սկսած Սահմանադրությունից»:
Չնայած հայտարարություններին, թե Ադրբեջանի մայր օրենքում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, Հայաստանի իշխանությունից ոչ մեկը դեռ չի հստակեցրել՝ ի՞նչ փոփոխություններ են ուզում տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։
Գրավոր հարցում ենք ուղարկել ԱԳՆ-ն՝ ճշտելու՝ հայկական կողմը Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների մեջ կոնկրետ ո՞ր դրույթներն է համարել խնդրահարույց։ Արդյոք առաջարկվե՞լ է հայելային փոխել դրանք և ո՞րն է եղել Ադրբեջանի արձագանքը։ Արդյո՞ք հայկական կողմի վերապահումը վերաբերում է Ադրբեջանի Անկախության ակտին, ըստ որի Ադրբեջանը 1918 թվականի Հանրապետության իրավահաջորդն է, որի վերահսկողության տակ էին այժմյան Հայաստանի մաս կազմող տարածքներ, այդ թվում՝ Սյունիքը: Մեկ շաբաթ է ՝դեռ Արտգործնախարարությունից պատասխան չենք ստացել։