Բրյուսելյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ հստակություն չկա, Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը և Ալիևի համաձայնությանը դրան, ես չգիտեմ, որքանով է դա այս պահին հողի վրա ռեալ։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը ևս կողմ է բանակցությունների վերսկսմանը այդ ձևաչափերով, քանի որ Հայաստանի Հանրապետության օրակարգում առաջնայինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է», - ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե համաձայնեցված երեք սկբունքները վերահաստատելու հարց արդյո՞ք պետք է դրվի, պատգամավորը պատասխանեց․ - «Մեր կողմից հռչակված նաև համաձայնեցված երեք դրույթները վերահաստատման որևէ կարիք չունեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, այդ դիրքորոշումը համաձայնեցվել է՝ տարբեր ձևաչափերով, և ես կարծում եմ, որ առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերահաստատմանը։ Մենք խոսում ենք, ըստ էության, սկզբունքների մասին, որոնք ցանկացած անկախ սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն»։
Երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ նաև քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը։ Ապա X-ի իր էջում Միշելը գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով․ - «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։
Անցած տարեվերջին Բաքուն հայտարարեց, թե վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում, միևնույն ժամանակ շեշտելով՝ ընդունել է բրյուսելյան ձևաչափով բանակցությունների շարունակությունը։
Բրյուսելից արձագանքեցին՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը պետք է գործով ապացուցի։
«Տպավորություն է, ասես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք կորցրել ենք հաջողության հասնելու պահը», - հայտարարել էր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։