Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հրապարակած հայտարարությամբ խստորեն դատապարտում է «ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական գործողությունները, կոչ անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների»: Գերատեսչությունը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ:
«Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր:
Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որ նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ», - ասված է հայտարարությունում:
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հիշեցնում է, որ «ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները»:
«Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները», - ընդգծում է ԱԳՆ-ը:
Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։
Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝ «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։
Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։