Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph պարբերականին տված հարցազրույցին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը ընդգծել է, թե չնայած հայկական կողմը Պրահայում, Սոչիում և հետագայում էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դեռ շարունակում է միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Վարչապետ Փաշինյանը ասել էր. - «Քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է»:
Պաշտոնական Բաքուն հակադարձում է, թե Երևանը ոչ թե խոսքով, այլ գործնականում պետք է կատարի միջազգային պարտավորություններն ու նպաստի խաղաղ գործընթացին։
«Լուրջ մտահոգության մեկ այլ աղբյուր է հայկական կողմի վերապահումը Ալմա-Աթայի հռչակագրին միանալիս, ինչպես նաև փորձերը մոռացության մատնել գործող օրենսդրական ակտերը, որոնք դեմ են Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Անցած շաբաթ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ալմա-Աթայի հռչակագրին միանալիս Հայաստանի հայտնած վերապահումը իրավական որևէ ուժ չունի։
«Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն, երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը, նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Բայց մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն», - հայտարարել էր վարչապետը: