Ռուսաստանը կարևորել է արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը
Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայից հնչած մեղադրանքներին, թե Արցախում սեպտեմբերյան ռազմական իրադարձությունների պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է։
Ռուսաստանը միևնույն ժամանակ կարևորել է արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, TASS -ին տված հարցազրույցում շեշտել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, Ղարաբաղի հայերի մեծ մասը լքել է այդ շրջանը։ Դա իրենց ծանր, բայց և ինքնակամ ընտրություններ էր։ Այս առումով կարևոր է ստեղծել պայմաններ այն անձանց վերադարձի համար, ովքեր նման ցանկություն ունեն՝ ապահովելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն այդ գործընթացին, այդ թվում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի», - ասել է Գալուզինը։
Ռուսական կողմի այս հայտարարությունները հնչում են Արցախի հայաթափումից հինգ ամիս անց, երբ տեղում ռուս խաղաղապահները որևէ կերպ չմիջամտեցին լայնածավալ ռազմական գործողություններին։
Արցախցիների վերադարձն ապահովելու հարցին զուգահեռ Ռուսաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև սեպտեմբերյան ռազմական գործողությունների պատճառներին՝ պնդելով, թե դրանք հենց այնպես տեղի չեն ունեցել։
«Դրանք դատարկ տեղը չեն տեղի ունեցել։ Հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը, դեռ 2022 թվականին Պրահայում՝ Եվրամիության հովանու ներքո։ Եվ դա այն դեպքում, երբ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը դեռ լուծված չէին», - նշել է Միխայիլ Գալուզինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. ԳալուզինՈրքանո՞վ է իրատեսական արցախցիների անվտանգության ապահովումը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով
Ինչո՞ւ է Ռուսաստանը շահագրգռված արցախցիների վերադարձով Լեռնային Ղարաբաղ և որքանով է իրատեսական արցախցիների անվտանգության ապահովումը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել, իսկ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական պատգամավորների զգալի մասը հեռախոսազանգերի չեն պատասխանում, մի քանիսն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին խոսել։
Մինչդեռ Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շեշտում է՝ արցախցիները որևէ մեկի կոչով երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք, որքան էլ մեծ է ցանկությունը, մինչև չլինեն կոնկրետ և համոզիչ անվտանգային երաշխիքներ։ Օրինակ, ըստ Հակոբյանի, իրենք պետք է իմանան, արդյոք Արցախում իրենց կողքին ադրբեջանցիներ ապրելու են, թե՝ ոչ, ինչպիսին են լինելու շփման գծերը, ռուս խաղաղապահները որտեղ են կանգնած լինելու և ինչ գործառույթներով։ «Այսինքն՝ անցյալի ձևով որևէ մեկը չի վերադառնա, ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ», - շեշտում է արցախցի պատգամավորը։
«Պետք է կոնկրետ հստակեցվի՝ ինչ երևույթի ժամանակ ինչպիսին է լինելու արձագանքը, ինչպիսին է լինելու այդ անվտանգությունը, դա պետք է գործնականում հողի վրա հստակեցված լինի, որից հետո, ես կարծում եմ, արդեն դա ընդունելի կլինի», - ընդգծեց Հակոբյանը:
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է արցախահայերի գոնե մի մասի վերադարձով, որպեսզի արդարացնեն ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում
«Բայց բոլորին պետք է պարզ լինի՝ այդ վերադարձի պարագայում նրանք լինելու են պատանդի կարգավիճակում ու լինելու են պարզապես գործիք Ռուսաստանի ու Ադրբեջանի համար իրենց նոր ստատուս քվոն արդարացնելու ու լեգիտիմացնելու համար», - ասաց Գրիգորյանը:
Ինչո՞վ է այս պահին զբաղված ռուս խաղաղապահ զորակազմը Արցախում
Թե ինչո՞վ է այս պահին զբաղված ռուս խաղաղապահ զորակազմը Արցախում, որտեղ գրեթե հայեր չեն մնացել, հարցին պատասխանել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը՝ «Իզվեստիա»-ին տված հացազրույցում, ընդորում, Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան որակելով հակաահաբեկչական օպերացիա։
«Այժմ, երբ ավարտվել է հակաահաբեկաչան օպերացիան, ռուս խաղաղապահները Ադրբեջանի ուժայինների հետ միասին պարեկություն են իրականացնում այդ տարածքում, ապահովելով շենքերի և մշակութային հաստատությունների անվտանգությունը», - արձագանքել է նա։
Իսկ ի՞նչ են է անելու ռուս խաղաղապահներ 2025 թվականից հետո, երբ լրանում է զորակազմի գործունեության ժամկետը, այս հարցին էլ պատասխանել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ շեշտելով, որ ժամկետի երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում ստեղծված իրավիճակից և Բաքվի հետ պայմանավորվածություններից։
Մոսկվան կրկին առաջարկել է՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար տրամադրել մոսկովյան հարթակը
Ռուս դիվանագետները չեն շրջանցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Ընդորում՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը գովաբանել է խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական առաջարկները՝ դրանք որակելով արդարացված։ Ռուս դիվանագետը նշել է, թե ելնելով այդ առաջարկներից՝ «բանակցությունները կարող են բավականին արագ ավարտին հասցվել», և որ Բաքուն տրամադրված է շատ արագ փաստաթղթի ստորագրումն ավարտին հասցնել։ Բայց այդ ցանկությունը պետք է երկուստեք լինի, ասել է դեսպանը՝ նկատի ունենալով Հայաստանին։
Մոսկվան այս անգամ արդեն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի մակարդակով կրկին առաջարկել է՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար տրամադրել մոսկովյան հարթակը։
«Պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում տրամադրել մեր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ մեր խորհուրդները։ Այստեղ մենք շատ լավ փոխգործակցություն ունենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», - ասել է Եվդակիմովը, չկոնկրետացնելով, թե այս հարցում ինչ փոխգործակցություն է տեղի ունեցել Բաքվի և Մոսկվայի միջև։