Մատչելիության հղումներ

Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունների ժամկետների վերաբերյալ «հստակություն չկա»


Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Բրյուսելում, արխիվ
Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Բրյուսելում, արխիվ

Բրյուսելյան հարթակում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման հեռանկարը դեռ անհայտ է։ Ժամկետների վերաբերյալ այս պահին չկա հստակություն, ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Կառավարությունից էլ փոխանցեցին՝ եթե հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնեն։

«Ես չգիտեմ՝ դա որքանով է այս պահին հողի վրա ռեալ: Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը ևս կողմ է բանակցությունների վերսկսմանը այդ ձևաչափերով», - ասաց Հովհաննիսյանը:

Բրյուսելյան ձևաչափով եռակողմ հանդիպումը վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին երեկ տեղեկացրել էր 92 տոկոսով նախագահի պաշտոնում վերընտրված Ալևին շնորհավորած ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը։

Լեռնային Ղարաբաղի դեմ անցած տարվա սեպտեմբերին ռազմական գործողություններ ծավալելուց ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակները։ Վաշինգտոն ընդհանրապես չգնացին, իսկ Միշելի նախաձեռնություններին թեև հայտարարությունների մակարդակով չէին ընդդիմանում, բայց թե՛ Բրյուսելում, թե՛ Գրանադայում Եվրամիության միջնորդական ջանքերը բոյկոտեցին։

Այս ամիսներին Բաքուն առավելապես երկկողմ բանակցությունների գաղափարն էր առաջ տանում։

Դեմ չլինելով՝ Երևանը մշտապես կողմ է արտահայտվել նաև արևմտյան հարթակներին։

«Հայաստանի Հանրապետության օրակարգում առաջնայինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է», - հայտարարեց ՔՊ-ական Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ եթե հաջողվի այդ հանդիպումը կազմակերպել, Երևանի օրակարգը ո՞րն է։

Երևանը կարծում է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվեն Հայաստանի 29 հազար 800, Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ տարածքների փոխադարձ ճանաչումը, սահմանազատումը 1974-1990 թվի ԽՍՀՄ քարտեզներով, ապաշրջափակումը՝ երկրների ինքնիշխանության հարգմամբ։ Չնայած նոյեմբերին հենց վարչապետն էր Ադրբեջանից սպասում Երևանի առաջ քաշած երեք երեք սկզբունքների վերահաստատում, նրա կուսակից Արթուր Հովհաննիսյանը կարիքը չի տեսնում:

«Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, այդ դիրքորոշումը համաձայնեցվել է տարբեր ձևաչափերով, և ես կարծում եմ՝ առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերահաստատմանը կամ վերստին դրանց անհրաժեշտության քննարկմանը: Մենք խոսում ենք, ըստ էության, սկզբունքների մասին, որոնք ցանկացած անկախ, սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ի՞նչ պայմաններում կարող են վերսկսել բրյուսելյան բանակցությունները

Ի՞նչ պայմաններում կարող են վերսկսել բրյուսելյան բանակցությունները։ Կողմերը ժամանակ առ ժամանակ իրար են փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները, ադրբեջանական վերջին տարբերակում հայկական կողմը հետընթաց էր նկատել, բայց դետալները չէին գաղտնազերծել։ Դեկտեմբերի վերջին 32 հայ ռազմագերիներ փոխանակվեցին Հայաստանում դատապարտված 2 ադրբեջանցի զինվորի հետ։ Բայց դեկտեմբերի վերջին արտգործնախարարի արած հայտարարության համաձայն, դեռ քննարկման փուլում է խաղաղության պայմանագրում քարտեզների ընդգրկման հնարավորությունը։

Բաքուն մերժեց սահմանից զորքերը հայելային հետ քաշելու՝ Երևանի առաջարկը, նորից խոսում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցքի», 100 հազարավոր ադրբեջանցիների վերադարձի մասին, վերջերս նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ դրեց։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. - «Ես չեմ կարող հնչեցնել կարմիր գծեր, որոնք մի մարդը կարմիր գծեր ասելով հասկանում է միայն Երևանի կայանատեղիների կարմիր գծերը, էդ էլի իր մաքսիմումը դա է կարմիր գծերի ընկալման»:

«Պատիվ ունեմ»-ի ղեկավարի կարծիքով՝ առանց միջնորդի բանակցությունը Հայաստանի համար ինքնասպանություն է, նախ երաշխավորի ինստիտուտ պետք է ապահովել:

«Երկրորդ՝ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը հստակորեն փոխկապակցել ընդհանուր բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների հեռացմանը: Երրորդ՝ առնվազն մարդասիրական տրամաբանությամբ ակտիվորեն կառուցել Բաքվում գտնվող հայ ռազմագերներին, քաղբանտարկյալների վերադարձին ուղղված գործողությունները», - նշեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է՝ պետք է նախևառաջ դադարեցնել անվերջ զիջումները:

«Խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում, բայց այնուամենայնիվ այդ հարթակների օգտագործման համար Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ մեր շահերը պետք է օգտագործի և ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների», - ընդգծեց Օհանյանը:

Բրյուսելում հույս ունեին, որ բանակցային գործընթացը կակտիվանա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո։

XS
SM
MD
LG